ՃՏՊ-ներից օրական 2-3 մահվան դեպք է գրանցվում․ վարչապետը շտապել էր մարդկանց հուսադրելու հարցում

Դեռևս փետրվար ամսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ճանապարհատրանսպորտային պատահարներին՝ նշել էր, որ այս տարվա հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի էական նվազում ունենք: Թեև վարչապետը նաև նշել էր, որ պատահարների ու դրանց հետևանքով վիրավորների թիվն աճել է, և փոխանակ միջոցներ ձեռնարկելու, նախազգուշական հորդորներ անելու, հանձնարարականներ տալու ընդհանրապես ՃՏՊ-ների նվազեցման ուղղությամբ, իրեն հատուկ մանյևրող ոճով հուսադրել էր մարդկանց, թե գոնե զոհերի առումով դինամիկան հուսադրող է ու չգիտես ինչու ենթադրել, թե հետագա ամիսներին այդ միտումը նույնությամբ պահպանվելու է։ Ուստի իր հետևորդներին խորհուրդ էր տվել կենտրոնանալ ոչ թե վիճակագրական տխուր փաստերի վրա՝ ՃՏՊ-ների քանակի ավելացման, այլ զոհերի նվազման։ Թեև զոհերի թվի ավելացումը նաև պատահարների քանակի ավելացմամբ է պայմանավորված։ Ինչևէ։

Ինչպես ասում են, այս դեպքում ևս, ցավոք, շաբաթն ուրբաթից շուտ եկավ։ ՀՀ վարչապետն այս անգամ էլ շտապել էր հայտարարություններ անելու և մարդկանց մոտ լուսավոր, դրական սպասումներ ձևավորելու հարցում, քանի որ օրերս Ֆեյսբուք սոցիալական հարթակում՝ ճանապարհային երթևեկությանն առնչվող թեմաների քննարկման ու ներկայացման «Մի արեք այսպես» խմբում Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչ Տաթևիկ Ստամբոլյանը հրապարակել է հունվար-մայիս ժամանակահատվածում տեղի ունեցած ՃՏՊ-ների, դրանց հետևանքով զոհերի ու վիրավորների թիվը, որը ամենևին էլ հուսադրող չէ։ Ըստ նրա հրապարակման՝ 2018թ․ հունվար-մայիսին գրանցվել է 1362 պատահար, ունեցել ենք 114 զոհ, 1976 վիրավոր, 86 պատահարների պատճառը ոչ սթափ վիճակում մեքենա վարելն է եղել, ինչի հետևանքով ունեցել ենք 18 զոհ, 135 վիրավոր: 2019թ․ հունվարին ՃՏՊ-ների թիվն ավելացել է 301-ով՝ հասնելով 1663-ի, զոհերի թիվը ևս աճել է, ունեցել ենք 122 զոհ և 2413 վիրավոր։ 39 ՃՏՊ-ների պատճառը եղել է ոչ սթափ վիճակում մեքենայի ղեկի առաջ նստելը, ինչի հետևանքով եղել է 4 զոհ, 59 վիրավոր:

«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր, Ճանապարհային ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանը LIVEnews.am-ի հետ զրույցում ասաց, որ ՃՏՊ-ների և դրանց հետևանքով զոհերի ու վիրավորների թվի աճը մեզանում նկատվել է դեռ 2017 թվականից, և փաստորեն առայժմ աճի միտումը պահպանվում է։ Դա, ըստ նրա, համընկավ մեծ թվով տեսախցիկների, արագաչափերի տեղադրման հետ, ինչը Սերգեյ Ղահրամանյանը համարում է այդ սարքերի միջոցով երթևեկությունը վերահսկելու նկատմամբ վարորդների ընդվզման հետևանք՝ արհամարհելու, անտեսելու և խախտումներ անելու միջոցով։ Չի բացառվում նաև, որ նրանք պարզապես սովորեցին այդ տեսասարքերի առկայությանը՝այլևս ուշադրություն չդարձնելով դրանց, և ինչպես նախկինում էին խախտում, շարունակեցին մեքենան վարել նույն սկզբունքով։ Այստեղից մեր զրուցակիցը հետևություն է անում, որ միայն տեսանկարահանող սարքերի առկայությունը բավարար պայման չէ կարգազանց վարորդներին վերադաստիարակելու, նրանց մտածելակերպն ու վարքը փոխելու համար։ Եվ քանի որ իրավախախտ վարոդը ազատվում է միայն տուգանքներ վճարելով և այլ տեսակի պատասխանատվություն չի կրում, օրինակ՝ չի զրկվում վարորդական իրավունքից, ապա հիմնականում քիչ թե շատ ապահովվածները, ինչպես նաև սեփական գույք չունեցողները ամենևին չեն խուսափում խախտումներ անելուց։ Ցավոք, այդ դեպքում եթե անգամ նման վարորդները ենթարկվում են ճանապարհատրանսպորտային պատահարների, ապա նրանց հետ տուժում են նաև օրինապահ վարորդները, նրանց ուղևորները՝ ակամա դառնալով պատահարի մասնակից, վատագույն դեպքում՝ զոհ։

Ի դեպ, ՀԿ-ի համահիմնադիրը նշեց, որ 2016թ․ ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը հասել էր նվազագույնի՝ 267 զոհ, որից հետո այդ թիվը նորից սկսեց աճել, և 2017թ․ գրանցվեց 279 մահվան ելքով ՃՏՊ-ների դեպք, 2018թ՝ 343 դեպք, դե իսկ  2019թ. առաջին հինգ ամիսներին նախորդ տարվա համեմատ արդեն իսկ ունենք 8 զոհով ավելի դեպք։ Ընդ որում զգալիորեն աճել է նաև վիրավորների թիվը։

Ինչպես մեր զրույցի ընթացքում նշեց Սերգեյ Ղահրամանյանը, եթե տեսախցիկներն ու արագաչափերը տեղադրման առաջին տարիներին զգոնացնող ազդեցություն ունենում էին վարորդների վրա, ապա ժամանակի ընթացքում նրանք սովորեցին տեսանկարահանող սարքերի տեղադրման վայրերը և խախտումները թույլ են տալիս դրանց տեսադաշտից հեռու, իսկ մենք այդքան հնարավորություն ու պաշար չունենք ամեն փողոցի յուրաքանչյուր հատվածում տեսախցիկ ու արագաչափ տեղադրելու, դրանց աշխատանքին հետևելու համար։

Մեր զրուցակցի կարծիքով ճանապարհատրանսպորտային պատահարների աճը վերջին երկուսուկես տարիներին պայմանավորված է այդ ոլորտում իրականացված մեղմ քաղաքականությամբ, որոշ խախտումների համար տուգանքների վերացմամբ կամ տուգանքի չափի մեղմացմամբ։ Մանավանդ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, թե վարորդները տուգանքի մատերիալ չեն, որ պետք է ավելի մեղմացվի տույժուտուգանքների քաղաքականությունը, ի վերջո նաև հեղափոխությունից հետո տուգանքների համաներումը հանգեցրեց նրան, որ շատ վարորդներ պարզապես օգտվեցին առիթից, սկսեցին մտածել, որ իրենց ամեն ինչ թույլատրվում է, և թույլ տված խախտումներն անհետևանք են մնալու կամ դրանց համար իրենք խիստ պատժի չեն ենթարկվելու։

Նրա դիտարկմամբ՝ 2018թ․ միայն հունվարին ՃՏՊ-ների հետևանքով զոհերի աննախադեպ աճ է եղել, և այդ պատճառով էր, որ այս տարվա փետրվարի դրությամբ զոհերի քանակի նվազում կար, ինչին անդրադարձել էր վարչապետը։ Իսկ այս տարի չորս ամիսների համար արդեն իսկ նախորդ տարվա ցուցանիշները գերազանցող թվեր ունենք, նշմարելի աճ կա։ Այնպես որ, ըստ Սերգեյ Ղահրամանյանի, մեկ ամսվա ցուցանիշով դեռ չի կարելի հետևություններ անել։

«Առջևում Սևանի սեզոնն է և սովորաբար հենց այդ սեզոնին կարգազանց վարորդների պատճառով Սևանի մայրուղին պատուհաս է դառնում ճանապարհատրանսպորտային պատահարների առումով»,- ասաց ՀԿ-ի համահիմնադիրը։

Նրա հավաստմամբ, այսօրվա դրությամբ ՃՏՊ-ների հետևանքով օրական 2-3 զոհ ենք ունենում, անգամ վերջերս դեպք էր արձանագրվել, որի ժամանակ միանգամից երեք զոհ էր եղել։ Սա լուրջ մտահոգություն է, և կառավարությունը պետք է մշտապես այս խնդիրը հատուկ ուշադրության կենտրոնում պահի։

«Ճիշտ է, նախորդ շաբաթ կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետն անդրադարձավ այդ թեմային և ճանապարհային ոստիկանությանը կոչ արեց աչալուրջ լինել, պայքարել օրինախախտումների դեմ, բայց դա ուշացած արձագանք է։ Նման կոչերը, հորդորներն ու հանձնարարականները պետք է հաճախակի լինեն և հետո էլ դրանց ազդեցությունը մեղմող հանձնարարականներ չտրվեն կամ հայտարարություններ չարվեն»,- ասաց նա։

Մեր հարցին, թե արդյոք բալային համակարգի ներդրումը խնդրին որոշակի առումով լուծում չի տա, «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիրն ասաց, որ օրինագիծն այժմ Ազգային ժողովում է, բայց ընդհանուր առմամբ երթևեկությունն այնքան է վերահսկողությունից դուրս եկել, որ վստահություն չի ներշնչում անգամ այն հեռանկարը, թե բալային համակարգը կկարողանա կարգավորել ոլորտը։ Նրա կարծիքով պետք է կիրառել լրացուցիչ գործիքակազմ։

«Կյանքը ցույց տվեց, որ որոշ կարգազանց վարորդներ ուզում են շատ խիստ վերահսկողություն լինի, անգամ ինչ-որ տեղ չարած խախտումների համար տուգանվեն, որպեսզի մեքենա վարելիս ավելի զգոն լինեն, սթափ ու օրենքները չխախտեն,- ասաց վարորդների իրավունքների պաշտպանը։ – Սա դիտարկում է, քանի որ համաներմամբ ու տուգանքների մեղմացմամբ վարչապետը հնարավորություն տվեց վարորդներին զրոյից սկսել, բայց այսօրվա դրությամբ կան վարորդներ, որ արդեն տուգանքների մեծ բեռ են կուտակել և մտադիր չեն դրանք վճարել»։

Թագուհի Ասլանյան