ԲԴԽ անդամների հրաժարականները շարունակվում են

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Սերգեյ Մեղրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին տեղեկացել ենք ԲԴԽ-ի ֆեյսբուքյան էջից:

Հրաժարականի դիմումում Մեղրյանը խնդրել է խորհրդի առաջիկա նիստում իր լիազորությունները համարել դադարած՝ խորհրդարանական ուժերին տալով հնարավորություն թափանցիկ ընթացակարգով խորհուրդը համալրելու փորձառու, բարձր մասնագիտական որակներ ունեցող, հանրորեն ընկալելի եւ անկախ գործելու ունակությամբ օժտված այլ անդամով։

Հավելենք, որ Մեղրյանը խորհրդի իրավաբան–գիտնական անդամներից էր, նա Բարձրագույն դատական խորհրդի անդամ էր ընտրվել 2018թ. փետրվարի 28-ին Ազգային ժողովի կողմից՝ երեք տարի ժամկետով։ Ներկայում ԲԴԽ-ում մնացել են հինգ անդամներ՝ դատավորների կազմից չորսը՝ Լիպարիտ Մելիքջանյան, Արմեն Բեկթաշյան, Սերգեյ Չիչոյան, Անի Մխիթարյան, իսկ իրավաբան-գիտնական կազմից միայն Հայկ Հովհաննիսյանը։

Նշենք, որ բարձրագույն դատական խորհուրդը կազմված է տասն անդամից` հինգ գիտնական–իրավաբաններ, հինգ դատավորներ։