Երբ զոքանչը նաև «ընկեր» է

Ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, հունիսի 12-ին՝ ժամը 10.00-ին, Նոր Գեղի գյուղի խաչմերուկից բաժին բերման են ենթարկել Քարաշամբ գյուղի 37-ամյա մի բնակչի, որի տաբատի գրպանից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է թերթով փաթեթավորված դեղնականաչավուն կանեփանման չոր, մանրացված զանգված՝ մոտ 0.48 գ կշռով և առանձին թերթով փաթեթավորված շագանակագույն խեժանման զանգված՝ մոտ 1.03 գ կշռով, և կաթուցիչ: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության տեղեկացմամբ, տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը կանեփի բույսից պատրաստված թմրանյութ է, իր մոտ պահել է անձնական օգտագործման համար:

Նյութերի նախապատրաստման ընթացքում նա նաև տվել է բացատրություն, որ Քարաշամբ գյուղում զոքանչի տանը կից տնամերձ հողամասում ունի ցանած և մշակած կանեփի բույսեր, որոնցից պատրաստում է իր օգտագործման համար թմրանյութ:

Նույն օրը՝ ժամը 15.05-ին, նշված վայրում կատարված զննությամբ հայտնաբերվել են 30-70 սմ բարձրության 29 հատ մոտ 0.6 կգ կշռով կանեփանման բույսեր, որոնք հողից հանվել են, փաթեթավորվել, կնքվել և ուղարկվել են ՓՔՎ՝ դատանյութագիտական փորձաքննության:

Նշանակվել է տոքսիկոքիմիական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր: