Գործադիրը պահուստային ֆոնդից գումար կհատկացնի ՀՀ քննչական կոմիտեին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությայն տեղեկացմամբ, նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը շնորհակալություն է հայտնել ՀՀ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանին կատարած համատեղ աշխատանքի համար և մաղթել հաջողություն: «Այսօր մեր կառավարության առաջին նիստն է, որ անցկացնում ենք առանց արդարադատության՝ այժմ արդեն նախկին նախարար Արտակ Զեյնալյանի,- նշել է կառավարության ղեկավարը:- Համոզված եմ, որ պարոն Զեյնալյանի ներուժը կներգրավվի Հայաստանի Հանրապետությունում պետության կառավարման և պետության հետագա զարգացման ու շինարարության գործում»։

Գործադիրը որոշել է պահուստային ֆոնդից գումար հատկացնել ՀՀ քննչական կոմիտեին՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի, Լոռու մարզային քննչական վարչության և Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի վարչական շենքերի կապիտալ հիմնանորոգման և ընթացիկ նորոգման աշխատանքներն իրականացնելու համար: Արդյունքում՝ կապահովվի կոմիտեի վերոնշյալ տարածքներում աշխատանքների բնականոն ընթացքը:

Կառավարությունը լրացումներ և փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ «Լիկվոր» ՓԲԸ կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ: Ընկերության տրամադրած տեղեկատվության համաձայն` ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծվել է 4 նոր աշխատատեղ և իրականացվել 1 722 761 դրամի ներդրում: