Ես արդեն շեշտել եմ՝ մեր ոխերիմ բարեկամներն այնտեղ հրճվանքի մեջ են (տեսանյութ)

Որ տեսնում են այդպիսի հակադրություն, հակամարտություն երկու թևերի միջև

Փաշինյանի իշխանությունը չի վարում այն քաղաքականությունը, որը ծառայում մեր պետության շահերին և իսկապես անհրաժեշտ է նրա անվտանգությունն ապահովելու համար։ Արցախի հանդեպ Փաշինյանի այսօրվա քաղաքական գիծը չի ապահովում մեր անվտանգությունը։ LIVEnews.am կայքի տաղավարում այս կարծիքը հայտնելով, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ասաց․

«Վարչապետի այսօրվա քաղաքական գիծը դեպի Արցախ՝ հակառակն է բերում, ես արդեն շեշտել եմ՝ մեր ոխերիմ բարեկամներն այնտեղ հրճվանքի մեջ են, որ տեսնում են այդպիսի հակադրություն, հակամարտություն երկու թևերի միջև»։

Առավել ևս, որ, մեր հյուրի հավաստմամբ, հիմա չի զգացվում հայկական կողմի միասնական դիրքորոշումը բանակցային գործընթացում, ինչ ենք մենք ուզում ներկայացնել աշխարհին։ Պարոն Սարգսյանի կարծիքով, հիմա հանրությունը նույնպես պետք է իր գնահատականը տա այս ամենին։ Ըստ ՀԴԿ նախագահի, Փաշինյանը և, ընդհանրապես, բոլորս մեր պետական շահերի տեսանկյունից պետք է շատ զգույշ վերաբերվենք Արցախին և Արցախի հիմնախնդրի հետ կապված բոլոր նրբերանգներին։

«Այսօրվա իրավիճակում այդքան բարձրաձայնել Արցախի հետ կապված ամեն մի խնդիր, շատ սխալ մոտեցում է,- ասաց Արամ Սարգսյանը։- Մեկ-մեկ ինձ մոտ այնպիսի տպավորություն է, կարծես մանկապարտեզից երեխան գալիս, ասում է՝ պապա, մամա, Աշոտիկն ինձ այսպիսի բան ասաց, ես հիմա չգիտեմ ինչ անեմ և այլն, և այլն։ Խաբարբզիկության մի ինչ-որ տարօրինակ իրավիճակ է ստեղծվում։ Չի կարելի պետական մակարդակով, կառավարման մակարդակով այդպիսի բան անել»։

ՀԴԿ նախագահի դիտարկմամբ, ՀՀ ներկայիս իշխանությունների քաղաքականության մեջ կան դրսևորումներ, որոնք բացահայտ ՀՀՇ-ի, այսօրվա, այսպես ասած, ՀԱԿ-ի մոտեցումներն են արտահայտում, նրանց կադրային բազան բավական լուրջ ձևով արդեն օգտագործվում է այսօրվա իշխանությունների կողմից, ու մենք վտանգ ունենք․․․

Նկատի ունենալով ՀՀ նախորդած բոլոր երեք ղեկավարների վարած քաղաքականությունը, Արամ Սարգսյանն ասաց․

«Եթե չի գնալու Նիկոլ Փաշինյանը նոր ճանապարհով, արդեն երևում են սխալները, շատ լուրջ սխալները, որ ինքն անում է, ուրեմն կնշանակի ինքն էլ կստանա նույն անհանդուրժողականությունը ժողովրդի կողմից․․․ Հանրությունը պետք է կարողանա դիմադրել այն բոլոր քայլերին, որոնք անում է այսօրվա իշխանությունը, որոնք մեր տեսանկյունից սխալ են։ Մեր կուսակցությունը գնահատականները տալիս է»։

Մանրամասները՝ տեսանյութում

Արթուր Հովհաննիսյան