Վրաստանում կարմրուկը չի նահանջում․ գրանցվել է կարմրուկի ավելի քան 3 հազար դեպք

Մասնագետները զբոսաշրջիկներին խորհուրդ են տալիս պատվաստվել զբոսաշրջային սեզոնի մեկնարկի կապակցությամբ

Վրաստանում դեռևս շարունակվում է կարմրուկի համաճարակը։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի գիտական ղեկավար Պաատա Իմադաձեն:

Ինչպես տեղեկացրել է Sputnik-georgia-ն, պաշտոնական տվյալներով՝ 2019 թվականի հունվարից մինչև ապրիլ Վրաստանում գրանցվել է կարմրուկի ավելի քան 3 հազար դեպք: 2018-ին Վրաստանում վարակված մարդկանց թիվը փոքր-ինչ գերազանցել է 2000-ը: Կարմրուկով հիվանդացության տարեկան 10 դեպքը համարվում է բնականոն: Վարակաբանները կարծում են, որ միայն զանգվածային պատվաստումը կարող է դադարեցնել կարմրուկի համաճարակը Վրաստանում:

«140 հազար մեր հայրենակիցներ ստացել են լրացուցիչ պատվաստում, դեռևս նույնքան էլ պետք է պատվաստվեն, որպեսզի կարմրուկը նահանջի,- ասել է Իմադաձեն:- Սովորաբար շոգերին կարմրուկի տարածումը դադարում է, բայց մեր իրականության մեջ դա տեղի չունեցավ․ օրական 5-10 նոր դեպք է բացահայտվում»:

Իմադաձեն ևս մեկ անգամ կոչ է արել 20-40 քաղաքացիներին պատվաստվել և վտանգի չենթարկել իրենց առողջությունը: Նա նաև կոչ է արել գործարարներին՝ պատվաստել իրենց աշխատողներին զբոսաշրջային սեզոնի մեկնարկի կապակցությամբ:

«Ցավոք, մենք ունեցել ենք դեպքեր, երբ հյուրանոցի աշխատակիցը հիվանդ է եղել, և, հնարավոր է, զբոսաշրջիկները վարակված լինեն,- ասել է Իմադաձեն:- Ակտիվ զբոսաշրջային սեզոնը սկսվում է, և անհրաժեշտ է պատվաստումներ ստանալ»: