ՀՀ-ում այսօր տեղի է ունենում քաղաքական համակարգի վերաձևում

Այն, ինչ այսօր տեղի է ունենում ՀՀ-ում, եթե վերացարկվենք դավադրությունների տեսությունից, կարելի է բնորոշել որպես քաղաքական համակարգի տրանսֆորմացիա, վերաձևում:

Փաստ է, որ ամեն իշխանություն, հաշվի առնելով արտաքին ու ներքին իրողությունները, ժողովրդական տրամադրությունները, երկրում առկա ներքաղաքական ուժային բալանսը, էլիտաների կազմն ու բնույթը, բիզնես շահերը, սեփական թիմի ռեսուրսները և քաղ. իմունիտետը, փորձում է հասարակության քաղաքական համակարգը այնպես վերաձևել, որ իր իշխանության համար առավել հարմար, քաղաքականապես կոմֆորտի զոնա ստեղծվի:

Հետհեղափոխական Հայաստանում, ուր քաղաքական առումով մեծ հաշվով առկա է մեկ ֆիգուր՝ Փաշինյանը, քաղաքական համակարգի վերաձևումը տեղի է ունենում բացառապես հենց նրա քաղաքական պատկերացումներին համապատասխան: Չնայած ներքին որոշումների ընդունման ժողովրդավարական-քննարկելի կուսակցական մոտեցումներին, նորմալ է, որ մեկ անձ է մեծ հաշվով քաղ.համակարգի վերաձևման ուղեգիծը որոշում, քանզի նրա՝ անգամ արդեն նվազած անհատական վարկանիշն ավելի բարձր է, քան սեփական կուսակցության ու մյուս կուսակցությունների, ուժերի վարկանիշները միասին վերցրած:

Ի դեպ, եթե հետազոտենք ՀՀ-ի նորագույն քաղաքական պատմությունը, պարզ կդառնա, որ քաղ.համակարգի վերաձևումներ եղել են ինչպես Լ.Տ.-Պետրոսյանի ժամանակ, Ռ. Քոչարյանի ժամանակ, երբ ձևավորվեց կենտորանացված հիերարխիկ քաղ. համակարգ, այնպես էլ Ս. Սարգսյանի ժամանակ, երբ ի հայտ եկավ «կառավարելի ժողովրդավարություն (ռուս. սուվերեն դեմոկրատիա տերմինին համահունչ)» մոտեցումը:

Փաշինյանի քաղ. համակարգի պատկերացումը, հետհեղափոխական իրողությունների դրոշմի ներքո է իրողություն դառնալու և, կարծում եմ, բնորոշվելու է որպես «հետհեղափոխական հիբրիդային» քաղ. համակարգի մոդել. ուր կոռուպցիայի բացակայության ֆոնին լինելու են ավտորիտարիզմի էլեմենտներ, լինելու է անհատի պաշտամունքի կենցաղային ընկալումներ, անիշխանության «կետեր» և գնալով թուլացող պոպուլիզմ, լինելու են օրինական ընտրություններ և ներկայացուցչություն, լինելու է անհանդուրժողականություն ու քաղաքացիականության բացակայություն, շուկայում՝ ազատականացում, ոչ ընդգծված մոնոպոլիստական միտումներ: Քաղաքական համակարգի հիմնական տարր պետությունը շարունակելու է լինել ոչ մոնոլիտ, իր կադրային անորոշությամբ ու ռիսկայնությամբ: Իշխանության թևերի միջև մի կողմից՝ լինելու է կուռ միասնականություն, մյուս կողմից՝ գաղափարական անըմբռնողականություն, անհամապատասխանություն, ներքին խորացող ֆրակցիոնիոնիզմ, մրցակցություն: Այս ամենի ներքո շատ տրամաբանական է Արցախի էլիտաների փոխակերպում-փոփոխությունը, քանզի այն ՀՀ քաղաքական համակարգի մասն է և առանց Արցախյան էլիտաների փոխակերպման ՀՀ քաղաքական համակարգը չի կարող փոփոխվել՝ համապատասխանեցվելով նոր թիմի պատկերացումներին:

Փաշինյանի փոխակերպող քաղաքական համակարգում այս առումով ոչ նախանձելի դիրքերում է շարունակում մնալ ընդդիմությունը: Արտախորհրդարանական ընդդիմությունը՝ նոր ուժերը, ինչպես նաև հները, հանդես գալով ազգայնականության, պահպանողականության դիրքերից, այսօր հանրային պահանջարկի այն աստիճանը չունեն, որ կարողանան լուրջ հայտ ներկայացնեն քաղ.համակարգում: Այս առումով քաղաքական համակարգում ընդդիմության տեղը դեռևս դատարկ է և դա, ինչ-որ առումով, նորմալ է. ընդդիմությունը սպասում է իշխանությունների խոշոր բացթողումներին, որպեսզի այդ ֆոնին մտնի ինտենսիվ քայլերի գործընթաց: Մյուս կողմից՝ դեռևս չի ձևավորվել Փաշինյանին ընդդիմադիրների հանրային պահանջ: Այս առումով նշենք, որ գործող իշխանությունը, իր իսկ քալերով (արձագանքի ոճ, որակ, խստություն, ոչ հաշվենկատություն, անհամաչափություն և այլն) այսօր կարող է «ընդդիմություն սարքել/հռչակել» այս կամ այն ուժին՝ դրանով լրացնելով համակարգի ընդդիմադիր բաղադրիչը ևս. ու խոսքը պալատական ընդդիմության մասին չէ:

Վերոնշյալի կոնտեքստում քաղ. համակարգի վերաձևման՝ ամենից վիճահարույց գործոնը շարունակելու մնալ Արցախի հարցը, հենց որի շուրջ (անկախ նրա կարևորության ընթացիկ թեսթերի արդյունքներից), տեղի է ունենում ներքաղաքական ու արտաքին քաղաքական դիսկուրսը մեզանում:

Ի դեպ, ինչպես և կանխատեսում էի (ու ոչ միայն ես) «սերն ու հանդուրժողականությունը», փաստորեն, հնարավոր չեղավ պրոյեկտել հարևան Ադրբեջանի վրա…, իսկ դա նշանակում է, որ մենք ինչպես նախկինում, այնպես էլ այսօր ժամանակ չունենք… աշխատել է պետք:

ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դոցենտ Ալեն Ղևոնդյանի ֆեյսբուքյան էջից

Այն, ինչ այսօր տեղի է ունենում ՀՀ-ում, եթե վերացարկվենք դավադրությունների տեսությունից, կարելի է բնորոշել որպես…

Опубликовано Ален Гевондян Вторник, 11 июня 2019 г.