Իջևանցի վարպետը հին ավտոմասերը վերածում է արվեստի գործերի (լուսանկարներ)

Իջևանցի ավտոմեխանիկ Արմեն Բադալյանը հին ավտոպահեստամասերին սկսել է նոր կյանք հաղորդել։ TAVUSH NEWS կայքի տեղեկացմամբ, Արմենն արդեն 37 տարի է՝ աշխատում է ավտոմեխանիկի իր մասնագիտությամբ։ Դպրոցական տարիներին  սովորել է արվեստի դպրոցում, զբաղվել  նկարչությամբ։ Սակայն հետագայում սիրելի զբաղմունքը փոխարինել է  ավտոմեխանիկի մասնագիտությամբ։

Տարիների ընթացքում հավաքելով մեքենաների ոչ պիտանի և օգտագործած պահեստամասերը`վարպետը մի օր էլ որոշել է դրանց նոր կյանք հաղորդել։ Իր առաջին աշխատանքն Արմեն Բադալյանն ստեղծել է անցած տարի․ Ճանապարհի եզրին տեղադրված մետաղյա մարդուկը գրավում է անցորդների ուշադրությունը։ Արձանն այնքան է սիրվում, որ շատերը մոտենում են՝ հատուկ նրա հետ  լուսանկարվելու։

Վարպետին ոգևորում է մարդկանց հետաքրքրությունը, և սկսում է ստեղծել այլ գործեր։ Հարկ է նշել, որ նրա աշխատանքները չեն տարբերվում արվեստի գործերից և դժվար է կռահել դրանց ծագումը։ Արմեն Բադալյանը պատմել է, որ կրեատիվ նվերների սիրահարները արդեն իսկ դիմել են իրեն`փոքրիկ աշխատանքներ գնելու նպատակով։ Վարպետը նշել է, որ հրավերի դեպքում կմասնակցի ցուցահանդեսների։