Վահե Տեր-Մինասյանը լծվել է օրենքները շրջանցելու ճանապարհով «Գարդասիլ-4»-ը գովազդելու անթույլատրելի գործին

Հունիսի 8-ին «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Բուժինֆո» հաղորդման հեղինակ և վարող, բժիշկ Վահե Տեր-Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ ՀՀ առողջապահական և աշխատանքի  տեսչական մարմինն իրեն տուգանել է՝ չներկայացնելով տուգանվելու իրական պատճառը և ընդամենը գրելով․ «Փորձում ենք աջակցել մեր երկրի առողջապահության ոլորտի առողջացմանը, որ պետությունից ոչ մի կոպեկ չենք վերցնում, պետությանը հարկեր ենք մուծում, այդ միջոցների հաշվին պետությունը նման «տեսչություն» է պահում, որն էլ կոպտորեն խախտելով խոսքի ազատության սկզբունքներն ու գերազանցելով իր իրավասությունները՝ ինձ փորձում է տուգանել»։

Ավելին, Վահե Տեր-Մինասյանը տեսչական մարմնին նախազգուշացրել էր, որ պարտադրելու է նույն սկզբունքով տուգանել մի քանի տասնյակ ԶԼՄ-ների, քաղաքական գործիչների (այդ թվում նախարարների, պատգամավորների և անգամ ՀՀ վարչապետին), քանի որ նրանք ևս նույն օրենքն են խախտել, ինչի համար իրեն տուգանել են։

«Հիմա ասեմ, թե ինչ է լինելու։ Տղերքը (որոնց մեջ ունեմ ընկերներ) երևի որոշել էին, որ դե Վահե Տեր-Մինասյանը հո չի ընկնելու իրենց հետևից, հո դատի չի տալու, պետական կառույցը հո խայտառակ չի անելու… Չէ տղերք ջան. Սկսելու ենք նրանից, որ ստիպելու ենք, բացարձակ նույն սկզբունքով, տուգանել մի քանի տասնյակ ԶԼՄ-ների, քաղաքական գործիչների (այդ թվում նախարարներին, պատգամավորներին և անգամ ՀՀ վարչապետին)։ Հետո բոլորը Ձեզ են դատի տալու, բոլոր գործերը բնականաբար տարվելու եք, պետական բյուջեից հսկա գումարներ եք փոխհատուցելու ու….

Հիմա ուզում եմ հասկանալ, թե ով է մեղավորը, ով է պատվիրատուն, ով է ամեն գնով ձգտում քայքայել առողջապահական համակարգը։ Պաշտոնապես հայտարարում եմ, որ եթե ամենակարճ ժամանակում նման անօրինական քայլերի հեղինակները չպատժվեն, ապա ես ու իմ թիմը կդադարեցնենք մասնակցությունը պետական ծրագրերի աջակցմանը, որոնց համար ի տարբերություն իրենց աթոռներին նստած ու անհեթեթ որոշումներ կայացնողների՝ մենք պետությունից գումարներ չենք ստանում։ Թող իրենք էլ գնան ու սկսեն մարդկանց բուժել…(եթե իհարկե կարող են)….», – գրել է նա։

Ավելի ուշ «Հրապարակ» թերթին ներկայացրած պարզաբանման մեջ «Բուժինֆո» հաղորդման հեղինակը խոստովանել է՝ տուգանվել է, քանի որ «Հեռանկար» վերլուծական հաղորդման եթերից խոսել է «Գարդասիլ» պատվաստանյութի մասին։ Դրա համար իրեն տուգանել են 250 հազար դրամի չափով։

«Հրապարակ»-ի թղթակցի հետ զրույցում Տեր-Մինասյանը ասել է, որ «Գարդասիլ» պատվաստանյութի մասին խոսելու համար Առողջապահական և աշխատանքի  տեսչական մարմինն իրավունք չուներ իրեն տուգանելու՝ պատճառաբանելով, թե նման գործառույթ ունի առողջապահության նախարարությունը կամ նրան ենթակա կառույցները: Այնինչ տեսչական մարմինը ենթարկվում է կառավարությանը։

Մանրամասնելով, թե ինչ է խոսել հաղորդման եթերից՝ Վահե Տեր-Մինասյանը նշել է, որ նույն սկզբունքով՝ դեղերի մասին տեղեկատվություն տալու համար պետք է տուգանվեն այն լրատվամիջոցները, որոնք «Գարդասիլի» թեմայով ցանկացած քննարկում են լուսաբանում, մարդիկ, պաշտոնյաները, որոնք հրապարակավ խոսում են այդ պատվաստանյութի մասին, իսկ վերջերս ՀՀ առողջապահության նախարարության և «Գարդասիլի» մասին բացասական կարծիք հայտնող մասնագետների ու նախաձեռնությունների անդամների կողմից երկու ասուլիս է կազմակերպվել, որոնք լայնորեն լուսաբանվել են տարբեր ԶԼՄ-ներով։ Վահե Տեր-Մինասյանի համար անհասկանալի է, թե ինչու է մի դեպքում տեսչական մարմինը հետևողականություն ցուցաբերել, իսկ մնացած դեպքերում՝ ոչ։

Բժշկի ներկայացմամբ՝ նա պատրաստվում է առաջիկայում տեսչական մարմնին մի շարք բողոքներ ներկայացնել բոլոր լրատվամիջոցների, պաշտոնյաների, առողջապահության նախարարի, Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովի նախագահի, պատգամավորների, վարչապետի դեմ, որոնք խոսել են այդ պատվաստանյութի մասին և պահանջել տուգանել նաև նրանց: Նա հույս ունի, որ բոլորը կդիմեն դատարան, և տեսչական մարմինը ստիպված կլինի կլորիկ գումար վճարել: Թող կառավարությունն իրենց հարցերը լուծի, հասկանանք՝ ինչով են զբաղված, ինչ են անում:

Հետաքրքիր է, որ Վահե Տեր-Մինասյանը խոսելով օրենքի գերակայության և օրենքին ենթարկվելու մասին՝ հրապարակման մեջ իր զարմանքն է հայտնել, թե ինչպե՞ս է պետական մարմինը պետական ծրագրի՝ «Գարդասիլի» պատվաստման ծրագրի դեմ դուրս եկել՝ աջակցելու փոխարեն։ Այսինքն բժշկի կարծիքով՝ պետական կառույցը ցանկացած ձևով, անգամ օրենքները շրջանցելու միջոցով պետք է նպաստի պետական այս կամ այն ծրագրի իրագործմանը՝ մի կողմ թողնելով իր իրական գործառույթները։ Եվ եթե Տեր-Մինասյանը խոսում է տեսչական մարմնի գործառույթներից, ապա ցանկալի կլիներ, որպեսզի նա տեղեկացված լիներ՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի իրավասությունը չէ «Գարդասիլի» ծրագրին աջակցել կամ չաջակցելը։ Ինչևէ։

Բժիշկ-նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը, պարզվում է՝ ևս քաջատեղյակ է, թե ինչի՞ համար է Վահե Տեր-Մինասյանը վարչական տուգանքի ենթարկվել։ Ոչ միայն տեղյակ է, այլև իրավախախտման մասին իր դիմում-բողոքի հիման վրա է Առողջապահական և աշխատանքի  տեսչական մարմինը նրան տուգանել՝ գավազդի և դեղերի մասին օրենքները խախտելու փաստով։

«Մարտի 25-ին, երբ մենք ասուլիս հրավիրեցինք «Գարդասիլ-4»-ի վերաբերյալ, իրազեկեցինք, որ դիմել ենք ԱԱԾ՝ ՀՀ առողջապահության նախարարության կողմից մի շարք օրենքներ խախտելու, մարդկանց առողջությունը վտանգելու, ինչպես նաև պատվաստանյութը տարբեր անձանց կողմից անթաքույց գովազդելու փաստով։ Բանն այն է, որ «Գարդասիլ» պատվաստանյութի մասին համացանցում ակտիվ գովազդում են մի շարք անհատներ, այնինչ «Գարդասիլի» գովազդը Հայաստանում արգելված է՝ «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 7-րդ կետի և «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ, 8-րդ կետերի համաձայն»։

Մասնավորապես «Գովազդի մասին» օրենքի համապատասխան հոդվածում նշված է՝ «Արգելվում է դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդը` առանց Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության թույլտվության: Արգելվում է թմրադեղերի, թունավոր և ուժեղ ազդող դեղերի գովազդը: Արգելվում է այն դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդը, որոնց կիրառումը պահանջում է բժշկի հատուկ նշանակում: Դրանց ցանկը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

Դեղերը զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային և տպագիր միջոցներով գովազդելու դեպքում գովազդի վրա պետք է նշվեն դեղերի` Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցման հավաստագրի համարը, ամսաթիվը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության թույլտվության համարն ու ամսաթիվը:

Արգելվում է հսկվող դեղերի, դեղատոմսով բաց թողնվող դեղերի և Հայաստանի Հանրապետությունում չգրանցված դեղերի գովազդը: Հայաստանի Հանրապետությունում արգելվում է դեղերի գովազդը արտաքին գովազդային վահանակների միջոցով»:

Իսկ «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ «դեղի գովազդի թույլտվությունը տալիս է Լիազոր մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Անասնաբուժական պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների գովազդի թույլտվությունը տրամադրում է գյուղատնտեսության բնագավառի պետական լիազոր մարմինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Դեղերը զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային և տպագիր միջոցներով գովազդելու դեպքում գովազդի վրա պետք է նշվեն դեղերի` Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցման հավաստագրի համարը, օրը, ամիսը, տարին, գործողության ժամկետը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության թույլտվության համարն ու օրը, ամիսը, տարին: Հայաստանի Հանրապետությունում արգելվում է դեղերի արտաքին գովազդը»:

4-րդ կետն էլ սահմանում է«Հայաստանի Հանրապետությունում չգրանցված կամ Հայաստանի Հանրապետությունում հսկվող կամ դեղատանը ըստ դեղատոմսի կամ դեղագրությունների պատրաստվող դեղի գովազդն արգելվում է»:

Եվ վերջապես 8-րդ կետով արգելվում է զանգվածային լրատվության միջոցներով դեղերը գովազդելիս հիշատակել հետևյալ հիվանդությունների մասին՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություններ, ուռուցքային հիվանդություններ, տևական անքնություն, շաքարային դիաբետ և նյութափոխանակության այլ հիվանդություններ, սիրտ-անոթային հիվանդություններ:

 Այնինչ Մարինա Խաչատրյանի հավաստմամբ՝ կան քաղաքացիներ, որոնք գովազդի հետ համատեղ «Գարդասիլը» ներկայացնում են որպես հակաքաղցկեղային և կյանք փրկող պատվաստանյութ։ Միաժամանակ իրենց ֆեյսբուքյան էջում տարածում են տագնապ առաջացնող տեղեկատվություն ՄՊՎ «վնասակար ազդեցությունների» մասին։ Նման գայթակղությունից զերծ չի մնացել նաև Վահե Տեր-Մինասյանը։

«2019 թվականի մարտի 25-ին ես և իմ համախոհները մամուլի ասուլիսի ընթացքում բարձրաձայնեցինք նաև «Գարդասիլ» պատվաստանյութը գովազդելու խնդիրը, ինչն  արգելված է օրենքով,- մեզ հետ զրույցի ժամանակ ասաց բժիշկ-նեյրովիրաբույժը։  Սակայն նույն օրը Շանթ հեռուստաընկերության եթերում Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի վիրաբուժական գինեկոլոգիայի բաժնի վարիչ Վահե Տեր-Մինասյանը հայտարարեց․ «…ոչ միայն գովազդում ենք, այլ ես ասում եմ, որ մեր հաղորդաշարը շարունակելու է գովազդել այդ պատվաստանյութը…»։

Նրա հայտարարությանը, պնդմանը կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ տեղադրված տեսանյութը դիտելով՝ https://www.facebook.com/ministryofhealthcare/videos/653377078432455/

Նշեմ, որ վերջին օրերին Վահե Տեր-Մինասյանը, որն ի դեպ ներկայանում է որպես Հայ-ամերիկյան կենտրոնի վիրաբուժական գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ, սակայն դեռևս չունի մանկաբարձ-գինեկոլոգի որակավորում և չի ղեկավարում այդ բաժանմունքը (հետևաբար իր մասնագիտության և պաշտոնի մասին նույնպես տարածում է ապատեղեկատվություն), իր վարած «Բուժինֆո» ծրագրի շրջանակներում ակտիվորեն շարունակում է գովազդել «Գարդասիլ-4» պատվաստանյութը`հորդորելով քաղաքացիներին գնալ պոլիկլինիկաներ, պատվաստվել և խախտելով ՀՀ «Գովազդի» և «Դեղերի մասին» օրենքների մի շարք կետեր»։

Մարինա Խաչատրյանի տեղեկացմամբ՝ Վահե Տեր-Մինասյանը որևէ իրավունք չունի այդ պատվաստանյութը գովազդել կամ զբաղվել դրա քարոզչությամբ, քանի որ ՀՀ առողջապահության նախարարությունից նման իրավունք չի ստացել․«Ես ունեմ առողջապահության նախարարության պատասխանն այն մասին, որ նրան և իր ծրագրին իրավունք չի տրվել «Գարդասիլ-4»-ը գովազդելու»։

Նա նաև ասաց, որ «Գարդասիլ-4»-ը գովազդելու ահազանգով դիմել է նաև ՀՀ առողջապահության նախարարությանը, որտեղից, սակայն, որևէ արձագանք չի եղել՝ ի տարբերություն տեսչական մարմնի։

Ինչ վերաբերում է Վահե Տեր-Մինասյանի դիտարկմանը, որ նույն խախտման համար նաև պետք է տուգանել պաշտոնատար անձանց, անգամ առողջապահության նախարարին, ՀՀ վարչապետին, մի շարք լրատվամիջոցների, Մարինա Խաչատրյանն ասաց, որ իսկապես արդարացի կլինի, եթե առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ևս ենթարկվի տուգանքի, քանի որ ուղիղ եթերով գովազդել է «Գարդասիլ-4» պատվաստանյութը՝ ներարկվելով այն։ Միևնույն ժամանակ նա խախտել է նաև պատվաստման համար համապատասխան պայմանների ապահովման մասին օրենքը․ «Պատվաստումները պետք է կատարվեն հատուկ սենյակներում, հատուկ պայմաններում, այլ ոչ թե, օրինակ, կառավարության շենքում, առողջապահության նախարարության շենքում։ Դա օրենքով թույլատրված չէ, ուստի առողջապահության նախարարն ու այն աշխատակիցները, որոնք իրականացրել են այդ ներարկումը, պետք է տուգանվեն»։

Հարցին, թե ի՞նչ քայլերի կդիմի մեր զրուցակիցը, եթե Վահե Տեր-Մինասյանը դատական հայց ներկայացնի իր դեմ, Մարինա Խաչատրյանն ասաց․ «Եթե Վահե Տեր- Միանսյանն իմ գործողություններում իրավախախտում է տեսնում, կարող է նաև ինձ դատի տալ, ես չեմ նեղանա և ֆեյսբուքում լացուկոծ չեմ դնի։ Ինձ համար «Գարդասիլ-4»-ի պատվաստումը ապազգային ծրագիր է, և ես պայքարելու եմ դրա դեմ ամեն օրինական եղանակով։ Իսկ Վահե Տեր-Մինասյանին հորդորում եմ, որ մի պահ կանգ առնի և մտածի, թե ինչ է անում, հասկանա, որ հայրենիքի դավաճանությունը չի ներվելու»։

Թագուհի Ասլանյան