Իսլանդացի լրագրողը թուրք ֆուտբոլիստին միկրոֆոնի փոխարեն զուգարանի խոզանակ է պարզել

Թուրքիայի իշխանություններին խիստ բարկացրել է Իսլանդիայի օդանավակայանում Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիկներ հետ տեղի  ունեցած միջադեպը։

Ermenihaber.am-ի տեղեկացմամբ, օդանավակայանի աշխատակիցները նախ թուրք ֆուտբոլիստներին 2 ժամ սպասեցրել են՝ այդ ընթացքում մանրակրկիտ ստուգման ենթարկելով նրանց փաստաթղթերը և ուղեբեռը: Այնուհետև լրագրողների հետ հանդիպման ժամանակ էլ լրագրողներից մեկը Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստ Էմրե Բելոզօղլուին միկրոֆոնի փոխարեն զուգարանի խոզանակ է պարզել։

Թուրք  բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը, իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP)  կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը խստորեն դատապարտել են այդ միջադեպը:

Այդ կապակցությամբ բողոքի նոտա է հղվել Թուրքիայում Իսլանդիայի արտակարգ և լիազոր դեսպանին։

Նշենք, որ Թուրքիայի հավաքականը Եվրո-2020թ. մրցաշարի ընտրական փուլի շրջանականերում Ֆրանսիայի հավաքականին հաղթելուց հետո մեկնել է Իսլանդիա, որտեղ հունիսի 14-ին պետք է մրցապայքարի դուրս գաի իսլանդացիների  հետ։