ՀՀ-ի շնորհիվ ԵԱՏՄ-ի և անդամ պետությունների և ԻԻՀ միջև կնքվել է ազատ առևտրի գոտու ստեղծմանն ուղղված համաձայնագիր

Հայաստանի շնորհիվ ԵԱՏՄ-ի արտաքին տնտեսական բաղադրիչի զարգացումը լրացուցիչ խթան է ստացել: Այս մասին  ՀՀ արտաքին գործերին նախարար Զոհրաբ Մնացականյանն ասաց «ՀՀ նախագահության տարին ԵԱՏՄ-ում. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ:

«Շնորհիվ Հայաստանի Հանրապետության՝ ԵԱՏՄ-ի արտաքին տնտեսական բաղադրիչի զարգացումը լրացուցիչ խթան է ստացել,- ասաց Մնացականյանը:- Իրանի հետ Հայաստանի քաղաքական և տնտեսական կապերը պայմաններ ստեղծեցին միության համար՝ դուրս գալ Մերձավոր Արևելքի տարածաշրջան, որի արդյունքում 2018-ի մայիսի 17-ին Աստանայում կնքվեց ԵԱՏՄ-ի և անդամ պետությունների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի գոտու ստեղծմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիր»:

Համաձայնագիրը կնքվել է 3 տարի ժամկետով: Այն ներմուծման մաքսատուրքերի նվազեցում կամ զրոյականացում է նախատեսում ապրանքների բավականին լայն շրջանակի համար: Դա թույլ կտա զգալիորեն բարձրացնել փոխադարձ առևտրի ծավալը:

Նախարարը նկատեց, որ Իրանի և Չինաստանի հետ համապատասխան համաձայնագրերի իրականացումը, ինչպես նաև Սինգապուրի, Սերբիայի, Եգիպտոսի, Իսրայելի և Հնդկաստանի հետ բանակցությունների ավարտը կարող են լրացուցիչ խթան հանդիսանալ ԵԱՏՄ-ի՝ համաշխարհային տնտեսության մեջ ինտեգրման գործընթացի համար:

Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսը հունիսի 10-ին վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը: Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանը միտված ժամանակավոր համաձայնագիրը ստորագրվել է 2018թ. մայիսի 17-ին Աստանայի տնտեսական համաժողովի շրջանակներում։ ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների խորհրդարանները վավերացրել են համաձայնագիրը: