Արցախի ԱԺ պատգամավորները դիտորդական առաքելությամբ Հարավային Օսիայում են

Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավորներ Արթուր Թովմասյանը («Հայրենիք» խմբակցության ղեկավար) և Էրիկ Հարությունյանը հունիսի 6-ից գտնվում են Հարավային Օսիայի Հանրապետությունում:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

Պատգամավորները հունիսի 9-ին Հարավային Օսիայի խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն են իրականացնելու:

Այցի շրջանակում, հունիսի 7-ին, ԱԺ խորհրդարանականներին և ԱՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար-աշխատակազմի ղեկավար Սեմյոն Աֆիյանին ընդունել է Հարավային Օսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դմիտրի Մեդոևը:

Հանդիպման ընթացքում ԱԳՆ ղեկավարը շնորհակալություն է հայտնել հյուրերին և ընդգծել խորհրդարանական ընտրություններում  միջազգային դիտորդների դերը՝ ժողովրդավարական արժեքների ամրապնդման և Հարավային Օսիայի հետագա զարգացման համատեքստում:

Պատվիրակության անդամները ևս հույս են հայտնել, որ ընտրությունները կանցնեն բարձր մակարդակով և միջազգային պահանջներին համապատասխան:

Կողմերը քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: