Մեր խնդիրն է` Հայաստանը դարձնել դրախտավայր տաղանդավոր մարդկանց, մտքի համար. ՀՀ վարչապետ (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դիլիջանում մասնակցել է «Մտքերի գագաթնաժողովի» բացման արարողությանը: ՀՀ կառավարության լրատվական ծառայության տեղեկացմամբ, իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Ամբողջ քաղաքակրթությունը, ըստ էության, հիմնված է մեկ գործոնի վրա` դա մարդկային միտքն է: Ընդհանրապես, երկրագնդի ողջ գոյության ընթացքում ընդամենը երկու գործոն կա, որ ազդել է երկիր մոլորակի վրա` մեկը տիեզերական գործոններն են, իսկ մյուսը` մարդկային միտքը: Եվ երբ փորձում ենք խոսել այսօրվա քննարկման հիմնական թեմայի` աշխարհում և, ընդհանրապես, տարածաշրջանում տնտեսական, ներդրումային, ընդհուպ աշխարհաքաղաքական միտումների մասին, մենք կտեսնենք, որ ժամանակակից աշխարհում ամենամեծ ներդրումներն արվում են հենց մարդկային մտքի ոլորտում:

Երբ ծովի դար էր` մենք ծով չունեինք, երբ նավթի դար էր` մենք նավթ չունեինք, երբ բախտի դար էր` մենք բախտ չունեինք, երբ ուժի դար էր` մենք ուժ չունեինք և ահա եկել է մտքի դարը ու որևէ կասկած չկա, որ մենք ունենք միտք և, ըստ այդմ, մեր հիմնական անելիքը բնորոշված է. մենք պետք է զբաղվենք մեր մտքի զարգացմամբ, մենք պետք է պայմաններ ստեղծենք, որպեսզի միտքը զարգանա, միտքն ինքնադրսևորվելու, իրացվելու, ինքն իրեն վերարտադրելու հնարավորություն ունենա: Նաև սա է պատճառը, որ ասում ենք, որ մեր խնդիրն է` Հայաստանի Հանրապետությունը դարձնել դրախտավայր տաղանդավոր մարդկանց, մտքի համար, իսկ մենք հավատում ենք, որ ընդհանրապես, յուրաքանչյուր մարդ բացառիկ է, յուրաքանչյուր մարդ տաղանդավոր է և մեր խնդիրն է ահա ստեղծել մի միջավայր, որտեղ մարդու տաղանդը կաճի, կզարգանա, կդրսևորվի, կստեղծի ինտելեկտ, կստեղծի արհեստական ինտելեկտ և այդ արհեստական ինտելեկտը կծառայեցնի մարդկային մտքին, մարդկային, հոգևոր, բարոյական արժեքներին, համընդհանուր կայունությանը, խաղաղությանը և բարեկեցությանը»:

Ելույթն ամբողջությամբ՝ այստեղ

* * *

Ամեն տարի Ֆրանսիայի Շամոնի քաղաքում անցկացվող «Մտքերի գագաթնաժողովը» («Summit of Minds») այս տարի առաջին անգամ է անցկացվում Հայաստանում: Հայաստանն առաջին երկիրն է, որը հյուրընկալում է այս միջոցառումը Շամոնիից դուրս:

Միջոցառման մասնակիցների շարքում են 2005-2007 թթ. Ֆրանսիայի վարչապետ Դոմինիկ դը Վիլպենը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում նախագահի անվտանգության հարցերով խորհրդական, գեներալ Ջեյմս Ջոնսը, Միջազգային մշակութային համագործակցության հարցերով Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը, ՄԱԿի Առևտրի և զարգացման համաժողովի ներդրումների և ձեռնարկատիրության բաժնի տնօրեն Ջեյմս Ժանը, Մեծ Բրիտանիայի առողջապահության նախկին նախարար, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին, Իտալիայի ազգային հետազոտական խորհրդի նախագահ Մասիմո Ինգուշոն, Siemens ընկերության տնօրեն ԺանՄարկ Լիշկան (Jan-Marc Lischka), Ֆրանսիական THALES ընկերության փոխնախագահ, տարածաշրջանային տնօրեն Փոլ Ռեմին, Սկոլկովոյի մենջմենթի դպրոցի խորհրդի ղեկավար, ՌԴ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ալեքսանդր Վոլոշինը, Crans Montana ֆորումի նախագահ ՊիեռԷմանուել Քուիրինը, ԱՄՆ Ազգային պաշտպանության համալսարանի հիմնադրամի նախագահ և տնօրեն Ուիլյամ Փարկերը և այլք:

Միջոցառմանը մասնակցում են հայաստանցի և օտարերկրացի ավելի քան հարյուր հեղինակավոր քաղաքական ու ռազմական գործիչներ, գիտնականներ ու վերլուծաբաններ, գործարարներ ու ձեռնարկատերեր։

Գագաթնաժողովի շրջանակում նախատեսված են մի շարք թեմատիկ քննարկումներ, որոնց շրջանակում անդրադադարձ կկատարվի Եվրասիայի և Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական գործընթացներին, բարձր տեխնոլոգիաներին ու կառավարմանը, արհեստական բանականությանը, թվային տնտեսությանը և այլն: