Ինչպես ֆաշիզմը, Փաշինյանն էլ գիտեր ինչ է երիտասարդությունը

Եվ փայլուն կերպով օգտագործեց նրան

Հավանաբար բոլորն են հիշում, թե անցյալ տարվա ապրիլին ու մայիսին Երևանում և հանրապետության այլ քաղաքներում ովքեր էին խաչմերուկները և փողոցները փակում:

Հիմնականում նրանք երիտասարդներն էին ու նույնիսկ դեռահասները, որոնք իրենց տարիքի բերումով համարձակ էին (դուխով), ռոմանտիկ, բայց միաժամանակ իրենց ոչ բավարար հասունացմամբ ու դեռ չձևավորված աշխարհայացքով պայմանավորված, անպատասխանատու, հռետորական ձիրքին ու հասարակության գիտակցության մանիպուլացման հնարքներին տիրապետողների կողմից դյուրությամբ ազդեցության ենթարկվող:

Ուսանողները, դպրոցականները, ոչ մի տեղ չսովորող, գործազուրկ և իրենց կյանքից դժգոհ երիտասարդներն իրենց երակներում փոթորկող ադրենալինից ուղղակի հաճույք էին ստանում, երբ փակելով խաչմերուկներն ու փողոցները, արգելափակելով պետական կարևորագույն հաստատությունների մուտքերը, կարողանում էին իրենց կամքը թելադրել ոստիկանությանը, իշխանություններին և մի ողջ պետության: Էլ չենք ասում այն մասին, որ արգելափակելու գործողություններին մասնակցելու համար դասերից խմբով և անպատիժ «թռնելը» շահագրգռում էր ուսանողներից և աշակերտներից շատերին, որոնց մեծ մասը, նորություն չենք ասում, առանձնակի սեր չունի ուսման նկատմամբ և սովորում է զուտ կրթության վկայական ու դիպլոմ ստանալու նպատակով:

Նիկոլ Փաշինյանը և նրա քաղաքական թիմը շատ լավ էին հասկանում երիտասարդության վերոնշյալ առանձնահատկությունները և փայլուն կերպով օգտագործեցին դրանք, ինչպես ժամանակին դա արել էին Հիտլերը և ֆաշիզմի այլ առաջնորդներ: Բացառված չէ, որ Փաշինյանը ծանոթ լինելով պատմությանը, այդ առումով օգտվել է հենց ֆաշիզմի արդյունավետ փորձից: Ջիովենցա (երիտասարդություն). ահա հենց այսպես էր կոչվում Իտալիայի ֆաշիստների‰ քաղաքական օրհներգը (Maria Sop Quine. Population Politics in Twentieth Century Europe: Fascist Dictatorships and Liberal Democracies. Routledge, 1995. p. 47. ):

Ֆաշիզմը կարևորում էր երիտասարդության նշանակությունը ոչ միայն ֆիզիկական, այլև հոգևոր իմաստով՝ կապված համարձակության և նվիրվածության տեսանկյունից գործունեություն իրականացնելու հետ։ «Թավշյա հեղափոխության» առաջնորդները նույնպես կարևորեցին երիտասարդության նշանակությունն իրենց նպատակներին հասնելու համար: Պատմությունը կարծես կրկնվում է, և եթե դա իրոք այդպես է, ապա դա ֆաշիզմի արդյունավետ հնարքների կրկնությունից բացի, կարող է կրկնվել նաև նրա անփառունակ ճակատագիրը:

Արթուր Հովհաննիսյան