Գաղտնալսելն այսուհետ անհնարին կլինի․ Արթուր Վանեցյան

«Մենք այլևս գաղտնալսումների ռիսկերից ապահովագրվա՞ծ ենք,  ավելին՝ բարձրաստիճան պաշտոնյաներն ապահովագրվա՞ծ են, արդյոք բացահայտվա՞ծ այդ արտահոսքի աղբյուրները։ Եթե ԱԱԾ տնօրենն է այդ տեսակ ռիսկի ենթարկվում, ապա ի՞նչ խոսենք քաղաքացիների մասին»,- ԼՀԿ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը 2018 թ․ բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նման հարց է ուղղել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին՝ հիշեցնելով ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսումը։

Վանեցյանն իր հերթին հիշեցրել է, որ հայտնի գաղտնալսումների հետ կապված շատ խոսվեց ու հավելեց, որ գործի բացահայտման մասին զերծ կմնա որևէ մեկնաբանություն անել, քանի որ գործը գտնվում է Քննչական կոմիտեում՝ քննվում է։

Անդրադառնալով հեռախոսային խոսակցությունների պաշտպանվածությանը՝ Վանեցյանն ասել է․ «Ժամանակակից աշխարհում հեռախոսային խոսակցությունների 100 տոկոսանոց գաղտնիության ապահովում գրեթե անհնարին է»,- ապա նշել, որ կան հարյուրավոր դեպքեր, երբ գաղտնալսվել են տարբեր երկրների առաջնորդների, պետական պաշտոնյաների մասին, սակայն չեն բարձրաձայնվել։

ԱԱԾ տնօրենը տեղեկացրել է, որ մինչ հայտնի գաղտնալսումների ի հայտ գալը ԱԱԾ-ը ՏՏ մասնագետների հետ սկսել էին մշակել մի ծրագիր, որը պետք է զերծ պահեր ցանկացած տիպի գաղտնալսումներից։ «Ծրագիրը գործում է, իմ հեռախոսի վրա տեղադրված է, դա դեռևս թեստային տարբերակն է, ստուգում ենք բոլոր տեսակի խոցելիությունները։ Այս պահին բավականին պաշտպանված է և շատ-շատ մասնագետներ արդեն իսկ տվել են եզրակացություն, որ գրեթե անհնար է այդ հավելվածով գաղտնալսումը»,-ասել է նա։

Վանեցյանը նաև շեշտել է, որ ծրագիրն ամբողջությամբ հայկական է, սերվերն էլ  ֆիզիկապես գտնվում է ԱԱԾ շենքում և գաղտնագրվում է ամբողջությամբ։ «Անգամ եթե մենք ուզենանք գաղտնալսենք մեզ՝ անհնարին է, այդ տիպի հավելված ունենք։ Աշխատանքային անունը ԱԱԾ է»,-ասել է նա։