ԵԱՀԿ Մինսկի խմբից և Հայաստանի կառավարությունից գարշահոտ է փչում

ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, մայիսի 27-ին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպման ժամանակ քննարկել են Արցախի Հանրապետությունը  ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում լիարժեք ներգրավելու հարցը: Նախարար Մնացականյանն ընդունել է տարածաշրջանային այցով Երևանում գտնվող համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և Էնդրյու Շեֆերին (ԱՄՆ): Հանդիպմանը ներկա էր նաև բանակցային գործընթացի մշտական ​​մասնակից, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Հանդիպման ընթացքում քննարկվել են այս տարվա Վիեննայի գագաթնաժողովի և Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման արդյունքները։ Կողմերն անդրադարձել են Արցախը բանակցություններին լիարժեքորեն ներգրավելու, խաղաղության համար  նպաստավոր միջավայր ստեղծելու, հումանիտար ոլորտում համագործակցության հարցերին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել եռակողմ համանախագահության ձևաչափում հետագա քայլերի վերաբերյալ, այդ թվում՝ համանախագահների միջնորդությամբ արտգործնախարարների առաջիկա հանդիպման մասին։

Առաջին հայացքից թվում է, թե զարմանալի ու նոր ոչինչ չկա: Տարածաշրջանային այցերի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումներն ու բանակցությունները գրեթե միշտ անց են կացվել ինչպես Հայաստանի և Ադրբեջանի, այնպես էլ Արցախի ներկայացուցիչների հետ: Բայց ինչո՞ւ է Հայաստանի ԱԳՆ-ը այս անգամ շեշտադրել, որ համանախագահների հետ հանդիպման ժամանակ «անդրադարձել են Արցախը բանակցություններում լիարժեքորեն ներգրավելու հարցին»: Ձևակերպումը մտահոգիչ է: Արցախը պետք է ոչ թե ներգրավվի, այլ վերադարձվի բանակցությունների սեղանի շուրջ: Քանի որ 1994-96 թթ., այսինքն` մինչև ԱՄՆ-ի ներկայացուցիչների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կազմում ընդգրկվելը, Արցախը անմիջականորեն մասնակցում էր բանակցություններին: Ավելին, Հեյդար Ալիևը չէր խուսափում Արցախի ղեկավարության ներկայացուցիչների հետ անմիջական հանդիպումներից: Ժամանակը ցույց կտա՝ ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրությունը արդյո՞ք կարևոր ուղերձ է այն մասին, որ մենք գործ ունենք Արևմուտքի և Ռուսաստանի կողմից «ժողովուրդներին խաղաղության պատրաստելու գործընթացի խորացման» որոշակի նախապատրաստության հետ:

Մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր հարց է, թե արդյոք այս ամենը պատահականությո՞ւն է, թե ՀՀ ԱԳՆ-ը «հաշվի է առել» Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի՝ վերջերս արած հայտարարությունն այն մասին, որ Արցախն ու Հայաստանը մեր բոլոր հողերի ազատագրման և վերամիավորման նախադեպն են:

Այսինքն, ԱԳՆ-ը փորձում է ինչ-որ բան թաքցնել Հայաստանի և Արցախի հանրությունից, այդ իսկ պատճառով վերոհիշյալ ձևակերպումներով նախ ուզում է մեզ հասկացնել, թե իբր Փաշինյանի կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ Արցախը բանակցությունների սեղանին վերադարձնելու ուղղությանը: Կամ փորձում է շեղել հայ ազգի ուշադրությունը՝ հավաստիացնելով, թե իբր Երևանում համանախագահները չեն խուսափել կարգավորման բանակցություններում ԼՂՀ անմիջական մասնակցության մասին խոսակցությունից: Ինչպիսի առաջարկություններ են եղել ՀՀ ԱԳՆ-ի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների զրույցի ժամանակ, եթե օրինակ, 2005-2006 թթ. անձամբ իմ հարցերին ի պատասխան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (այն ժամանակ՝ Բրայզան, Ֆասիեն և Մերզլյակովը) միանման պատասխանում էին միշտ նույն բանը. «Եթե Ադրբեջանը համաձայնի, ապա ԵԱՀԿ ՄԽ-ը դեմ չէ»: Վստահեցնում եմ Հայաստանի և Արցախի քաղաքացիներին, որ այդ ժամանակից ի վեր պաշտոնական Ստեփանակերտի՝ բանակցային գործընթացին վերադառնալու հարցի շուրջ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դիրքորոշումը չի փոխվել։ Այդ դեպքում, ի՞նչ էին մայիսի 27-ին Երևանում քննարկում Մնացականյանն ու Շեֆեր-Վիսկոնտի-Պոպով եռյակը: Ամբողջ աշխարհը գիտի, որ Ադրբեջանը դեռևս հրաժարվում է բանակցել անմիջականորեն ԼՂՀ-ի հետ և կտրականապես դեմ է բանակցությունների սեղանի շուրջ Արցախի վերադարձին:

Ինչ պայմանով 2019 թ. մայիսի 27-ին համանախագահները հանկարծ համաձայնեցին քննարկել այդ հարցը, ես դժվարանում եմ ասել: Բայց վատ կանխազգացում կա, որ դա պատահական չէ: Ինչպես պատահական չէ, որ դա համընկնում է Արցախի ազատագրական պատերազմի մասնակից գեներալների դեմ ուղղված՝ Հայաստանի կառավարության մի շարք «գործողությունների» հետ: ԼՂՀ պաշտպանության բանակի գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի շուրջ տեղի ունեցած միջադեպի մասին տեղեկությունները հայտնվեցին Հայաստանի և Արցախի բոլոր լրատվամիջոցներում: Մեկ այլ ԼՂՀ գեներալ-մայոր՝ Արշավիր Ղարամյանի դեմ ոտնձգությունների փորձերի մասին նույպես լավ հայտնի է: Երկուսն էլ ազատամարտի անմիջական մասնակից և Արցախի հերոսներ են: Ըստ երևույթին հարուստ ռազմական փորձով Արցախի հերոսները ինչ-որ բանով «հեղափոխականների» կառավարության «սրտով չեն», նրանց նկատմամբ այժմ մեծ ուշադրություն կա ԱՄՆ պետկառույցների և Քարնեգի հիմնադրամի կողմից, որի ներկայացուցիչը Պոլ Ստրոնսկին է, ում անվանում են «ԱՄՆ Պետդեպարտամենտում մեծ ազդեցություն վայելող»: Նույն այն Ստրոնսկին, ով ապրիլ ամսվա վերջում հայտարարեց․ «Փաշինյանը աշխատանք ունի, նա պետք է կատարի այն»: Իսկ Ամերիկայի Միջազգային զարգացման գործակալության (USAID) խորհրդատու Ռեյ Սալվատորե Ջենինգսը մարտ ամսին «խորհուրդ տվեց» Փաշինյանին՝ փոխել Արցախի ղեկավարությանը՝ հայտարարելով. «Առաջին հերթին պետք է հեռացնել ուժայիններին կամ նրանց դեմ քրեական գործեր հարուցել»:

Մի՞թե Հայաստանում և Արցախում բոլորը ՔԱՂԱՔԱԿԱՆՈՐԵՆ ԿՈՒՅՐ ԵՆ կամ «մոռացե՞լ են» Ջենինգսի և Ստրոնսկու հրամանների մասին: Եթե այո, ապա այդ դեպքում ես նույնիսկ չեմ ուզում անդրադառնալ, թե ինչպես են մեր թշնամիները Հայաստանի և Արցախի «վերջը տալու»: Դրա վառ օրինակը Սերբիան է:

Սերգեյ Շաքարյանց