Ատելության քարոզի ձնագունդը պտտվում է՝ թափանիվի տակ առնելով արժեքները

«Ժողովրդի» վարչապետն իշխանության եկավ յուրահատուկ բառապաշար կիրառելով, աջ ու ձախ սպառնալիքներ տեղալով՝ «պատին ծեփելով», «գիտնին փռելով», ատելություն քարոզելով։ Քաղտեխնոլոգները հաստատում են ՝ սա էլ արևմտյան հերթական տեխնոլոգիա է։

Երկրի ղեկավարի անհավասարակշիռ պահվածքը կարող է գլխիվայր շրջել ամեն ինչ։ Այդպես էլ կա՝ հայաստանյան հանրային ու քաղաքական դաշտում մեկ տարի է՝ խաթարվել է անդորրը․ մարդկանց սոցիալ-տնտեսական ծանր վիճակին ավելացել է ներքին խառնակչությունը, բաժանարար գծերն են շատացել։

Չկա մեկ օր, որ չլինի լարվածություն, չգրանցվի հերթական ցույցը, արտառոց միջադեպը, չհնչի ատելության խոսք: Ու այս ամենը հայ մարդն ուղղում է ի՛ր տեսակի, ի՛ր արյունակցի դեմ: Հայը՝ հայի դեմ։

Աշխարհը փուլ է եկել` կասեին մեր պապերը:

Սոցիալական ցանցերում հայհոյախոսությունը համատարած է․ այս մասին մեկ տարի է, որ խոսվում է։ Երեկ նաև Մարդու իրավունքների պաշտպանն արձագանքեց խայտառակ իրողությանը, շեշտելով՝ սոցիալական ցանցերում հասարակությունը կարծես թե բաժանվել է երկու խմբերի՝ հեղափոխականների ու հակահեղափոխականների:

Մեր տեղեկություններով, իշխանությունը ֆեյքերի գործին է լծել «Օրբելի» կենտրոնի վերլուծաբաններին, որոնք փոխարենը երկրի համար օգտակար վերլուծական աշխատանք կատարելու, զբաղված են ստատուսներ գրելով, «հակահեղափոխականների» գրառումների տակ զազրախոսելով, իսկ «իմքայլականներին»՝ դիֆերամբներ ձոնելով։ Եթե կար ժամանակ, որ քաղաքական հայհոյախոսները բավարարվում էին միայն ֆեյսբուքյան հարթակով, ապա այսօր ատելության խոսքը դուրս է ժայթքել վիրտուալ տիրույթից ու հորդում է դեպի փողոց, հրապարակ…

Բարոյական նահանջ ենք գրանցում ամեն օր։ Մարդկային շփումների միջոց է դարձել հայհոյանքն ու լպիրշ բառապաշարը: Հատվել է բարեկրթության սահմանը: Հայ կինը դուրս է եկել իր իրական կերպարից` հաշտեցնող տեսակից դառնալով զազրախոս, հակասություններ սրող, անիծող:

Սա ի՞նչ է, եթե ոչ բարոյական ճգնաժամ: Իսկ բարոյական անկումը գնալով խորանում է․ ատելության ձնագունդը պտտվում ու իր թափանիվի տակ է առնում արժեքները։ Ընդամենը օրեր առաջ Ազատության հրապարակից հնչեցին ատելության կոչեր, սպառնալիքներ Արցախյան ազատամարտի հերոսների հասցեին: Եթե իշխանությունն ինքն է ամեն ինչ արժեզրկում, դավադիրներ, հակահեղափոխական-հեղափոխական օջախներ փնտրում, եթե իր հրահանգով է ոստիկանը շրջափակում Արցախի հերոսի ավտոմեքենան, բնական է, որ իշխանության քայլերից ոգևորված՝ ապազգային ստահակներն էլ իրենց պետք է թույլ տան հայհոյախոսել Արցախյան ազատամարտի խորհրդանիշների`Արցախի հոգևոր առաջնորդի, Արցախի նախագահի հասցեին, հետո էլ հարձակվեն ի՛ր քաղաքում թոռների հետ զբոսնող Արցախյան ազատամարտի մասնակցի վրա․․․

Սարսափելի է, որ այս ամենը հանդուրժվում է: Վայ այն երկրին, որտեղ չկա գեթ մեկ հեղինակություն, որպեսզի կանգնեցնի ազգակործան այս ընթացքը։ Եվ ի՞նչ է ստացվում, քանի որ իշխանությունը քար լռություն է պահպանում, կարգի չի հրավիրում ապազգային ստահակներին, օրենքն ու օրինակությունը երկրում չեն աշխատում՝ նմաններին զսպելու գործն իր վրա է վերցնում ժողովուրդը։

Երեկ ականատես եղանք նմանօրինակ մի ինքնաբուխ ակցիայի․ «Ես եմ ծեծել» բողոքի ակցիան, չնայած հիմնականում դաշնակցականներն էին կազմակերպել, սակայն ոստիկանության Կենտրոնի բաժնի դիմաց նրանց էին միանում իրավիճակով մտահոգ քաղաքացիներ, որոնք ոստիկանությունում հայտարարություն էին տալիս` «Ես եմ ծեծել ՀԱԿ-ական Վարդան Հարությունյանին: Ծեծել եմ, որպեսզի ազգային արժանապատվությունս չոտնահարի, որ էլ վայրահաչոցներ չարձակի մեր ազգային արժեքների նկատմամբ, որ ավելորդ չխոսի մեր եկեղեցու ու եկեղեցականների հասցեին»։

Իսկ ո՞վ է Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակից Վարդան Հարությունյանը։ Հիշեցնենք․ նա էր, որ ապրիլի 23-ին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Ոստիկանություն ՀՅԴ-ական երիտասարդների դեմ՝ Թուրքիայի դրոշն այրելու համար: Իսկ օրերս էլ թոռների հետ զբոսնող ՀՅԴ-ական գործիչ Հրանտ Մարգարյանի դեմ Ազատության հրապարակում հարձակում իրականացնողների թվում էր․․․

Ինչևէ, Հայաստանում իրավիճակը գնալով սրվում է, այն լուրջ վտանգներով է հղի, ու եթե չլինի երկրի ճակատագրով մտահոգ ուժերի, անհատների համախմբում, ապա իշխանության ձեռքով լարվող ներքին թշնամաքը կարող է և հանգեցնել քաղաքացիական պատերազմի։

Թափանիվը կանգնեցնել է պետք։

Արմինե Սիմոնյան