Սամվել Բաբայանի կողմնակիցները համայնքների ղեկավարների նկատմամբ սկսել են բռնություններ գործադրել

Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արտուշ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է , որ Սամվել Բաբայանի կողմնակիցները շրջանի համայնքների ղեկավարների նկատմամբ բռնություններ են գործադրում:

«Երեկվանից ստանում եմ ահազանգեր, որ Քաշաթաղի շրջանի համայնքների ղեկավարների նկատմամբ ստորագրահավաք նախաձեռնող խմբի կողմից գործադրվում են բռնություններ: Հորդորում եմ լրատվամիջոցներին և իրավապահ մարմիներին, որպեսզի ուշադրության կենտրոնում պահեն այս փաստերը: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ օրենքի և օրինականության կոպիտ ոտնահարում Սամվել Բաբայանի և իր կողմնակիցների կողմից»,- գրել է Ա. Մխիթարյանը:

Ի դեպ, ԱՀ ոստիկանությունը ավելի ուշ հաղորդագրություն է տարածել, որ հունիսի 5-ին՝ ժամը 08։35-ին, Քաշաթաղի շրջանի Վակունիս համայնքի ղեկավար, 1984թ․ ծնված Էդուարդ Զաքարյանը ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին հեռախոսով հաղորդում է ներկայացրել, որ նույն օրը ժամը 08։15-ին իր առանձնատան մոտակայքում ծեծի է ենթարկվել:

Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել Բերձոր և Աբովյան քաղաքների երեք բնակիչների հետ քաղաքական հարցերի շուրջ ծագած վիճաբանության հետևանքով:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։