Բոլոր այն մարդիկ, որոնք բռնություն են քարոզում, պետք է պատասխանատվության ենթարկվեն․ ՀՀ վարչապետ (տեսանյութ)

Այսօր ԱԺ շենքի բակում հավաքված լրագրողների հարցերին պատասախանելով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանին ծեծելու փաստին՝ ասելով, որ ազգային արժեքների համար պայքարող և այդ պատրվակով Վարդան Հարությունյանին ծեծի ենթարկած կուսակցությունը տարիներ շարունակ թալանել է երկիրը։

«Հիմա բանաձև կա, չէ՞, ազգային արժեքների համար մարդ ծեծել, սա ասում են մարդիկ, որոնք «ազգային արժեքների» համար 25-30 տարի երկիրը թալանել են,- ասաց վարչապետը: Թալանելիս ազգային արժեքների մասին ոչ մի խոսք, էդ որ ասում էին` աչքով էին տալիս, բա զինված ուժերը, բանակը… իրենք թալանել են բանակը, իրավապահ համակարգը, պետական բյուջեն, իրենք թալանել են ամեն ինչ»:

Լրագրողների հարցին, թե ո՞ւմ կամ ի՞նչ խմբի մասին է խոսքը, վարչապետն ասաց՝ խոսքը իշխանության մեջ եղած այն ուժի մասին է, որն ասում է՝ հանուն ազգային արժեքների ես բռնության եմ ենթարկել՝ նշելով ՀՅԴ-ին։

Վարչապետը նաև հավելեց, որ տեղի ունեցածը չպետք է անպատիժ մնա․ «Հիմա ուրիշ հարց՝ ուրեմն երեկվա ակցիայից հետո պետք է իրավապահ մարմինները պարզեն՝ էդ ակցիան ինչ-որ երկու հոգի որոշել են մարդ ծեծել, ծեծել են, թե եղել է հանձնարական և կազմակերպված ակցիա։ Եթե եղել է կազմակերպված, դրա իրավական գնահատականը պետք է փոխվի, և բոլոր այն մարդիկ, որոնք բռնություն են քարոզում, պետք է պատասխանատվության ենթարկվեն: Հիմա ես չեմ ցանկանում վերադառնալ այն բառապաշարին՝ ասֆալտին փռել, պատերով տալ, բայց թող ոչ ոք մեր բարեկրթությունը հանկարծ չշփոթի թուլության հետ»:

Մանրամասները՝ տեսանյութում