Մարդիկ օտար պետությունից փող են ստանում ու Հայաստանում ուղղակիորեն հարվածում մեր պետության անվտանգության հենասյուներին (տեսանյութ)

Ոստիկանները խորապես կիսում են Սորոսի հիմնադրամի հայաստանյան կառույցի՝ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության գործունեության դեմ բողոքող, այդ գործունեության մեջ լուրջ վտանգներ տեսնող քաղաքացիների պատկերացումները, սակայն նրանց դեմ կանգնել ու հրաման են կատարում, որովհետև վերոնշյալ կազմակերպությունը փայատեր է այսօրվա իշխանության մեջ: Այս կարծիքին է Slaq.am կայքի գլխավոր խմբագիր, վերլուծաբան Մենուա Հարությունյանը:

Ըստ նրա, հիշյալ կազմակերպությունն իր ներդրումն ունի այն բանում, որ այսօր ՀՀ իշխանությունը ներկայացնում են նրանք, ովքեր ներկայացնում են, հետևաբար իրեն իրավունք է վերապահում իշխանություններից պահանջել, որ բողոքող քաղաքացիներին թույլ չտան մոտենալ իր գրասենյակին:

«Ոստիկանները ստիպված պաշտպանում են մի կազմակերպության շահեր, որը Հայաստանի Հանրապետությունը ներսից քանդում է»,- մեզ հետ զրույցում ասաց վերլուծաբանը::

Ի պատասխան մեր հարցի, թե այդ քանդելը (կազմակերպության քայքայիչ գործունեությունը) արտահայտվում է նաև մեր ազգային արժեհամակարգի նկատմամբ ոտնձգություն իրականացնողներին ինչ-որ ծրագրերի համար ֆինանսավորում հատկացնելո՞վ, պարոն Հարությունյանն ասաց.

«Իհարկե՛, բա եկեղեցու դեմ, Վեհափառի դեմ, որ պայքարում էին, դա մեր արժեհամակարգը քանդելու փորձ չէ՞ր, բա որ այստեղ այդ ԼԳԲՏ-ներին, չգիտեմ, լեսբիանկաներին ու էլի նման այլանդակությունները պրոպագանդում են, դա մեր ազգային արժեհամակարգը չի՞ քանդում…

Գիտեք, դա տեխնոլոգիա է. սկզբից երեխային ասում են՝ քո մարմինը քո սեփականն է, հետո բերում օրենքներ են ընդունում, որ ծնողն իրավունք չունի երեխայի վրա ջղայնանա, որ հանկարծ երեխային դաստիարակչական ապտակ տաս, ինքը գնալու է ոստիկանություն, հետո կամաց- կամաց երեխային կտրում են ծնողից ու սկսում են ծնողի փոխարեն իրենք դաստիարակել այդ երեխային: Հետո 20-30 տարի հետո դու ունենում ես սրբապիղծ, պետական մտածողություն չունեցող, արժեհամակարգ չունեցող մի սերունդ, ու այդ սերունդը դառնում է խաղալիք արևմտյան պետությունների ձեռքում:

Ուշադրություն դարձրեք՝ բոլոր այն կազմակերպություննորը, որոնք Արևմուտքից գրանտներ են ստանում, իրենք այսպես մի ընդգծված գիծ ունեն՝ բոլորը հակառուսական են, բոլորը պայքարում են հայ-ռուսական հարաբերությունների դեմ: Սա ի՞նչ է նշանակում, սա նշանակում է, որ այդ կազմակերպություններին փողը տալիս են իբր թե քաղաքացիական հասարակության նպատակներով, բայց տակից ասում են հայ-ռուսական հարաբերությունները փչացրեք: Իսկ ի՞նչ է հայ-ռուսական հարաբերությունը, սա Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության, պետության անվտանգության կարևորագույն հենասյուներից մեկն է, այսինքն՝ մարդիկ օտար պետությունից փող են ստանում ու Հայաստանում ուղղակիորեն հարվածում մեր պետության անվտանգության հենասյուներին: Ու ի՞նչ՝ մենք պետք է աչք փակե՞նք, մենք պետք է ասենք՝ դա նորմա՞լ է… Չե՛նք ասելու նորմալ է, մենք պայքարելու ենք մինչև վերջ, և ասեմ ավելին՝ չենք հանդուրժելու, որ Հայաստանի Հանրապետության ներքաղաքական օրակարգում օտարերկրյա գործակալական որևէ ցանց կարողանա ունենալ իր փայաբաժինը, նման բան չի կարող լինել մեր երկրում»:

Արթուր Հովհաննիսյան