Թուրքական քարոզչությունը համակարգչային խաղերի դրվագները ներկայացրել է որպես սեփական ռազմական օպերացիա

Թուրքիան կեղծ տեսանյութեր է տարածում՝ դրանք ներկայացնելով որպես կադրեր Հյուսիսային Իրաքում քուրդ զինյալների դեմ իրականացվող «Մագիլ» ռազմական օպերացիայից:

«Ermenihaber»-ի տեղեկացմամբ, այս մասին գրել է քրդական լրատվամիջոցը։ Թուրքիայի զինված ուժերի հրամանատարությունը իր լրատվամիջոցներին փոխանցում է ոչ թե իրական, այլ համակարգչային խաղերի տեսանյութեր՝ դրանք ներկայացնելով որպես իրականություն։ Տեսանյութերը վերցվել են այնպիսի հանրահայտ համակարգչային խաղերից, ինչպիսիք են՝ «Arma 3»-ը և «Medal Of Honor»-ը։

Դա պարզվել է այն բանից հետո, երբ տեսանյութեը դիտելիս նկատվել է, որ ուղղաթիռները վայրէջք են կատարում անբնական կերպով։

Նույն աղբյուրի համաձայն՝ թուրքական այդօրինակ քարոզչությունը նպատակ ունի մոլորեցնել հանրությանը և ստեղծել տպավորություն, թե իբր Թուրքիայի զինուժը  Հյուսիսային Իրաքում քուրդ զինյալների դեմ լայնամասշտաբ ռազմական գործողություններ է իրականացնում, թե իբր ռազմական ուղղաթիռների դեմ քուրդ զինյալներն ի զորու չեն պայքարել։ Այդ քարոզչությանը լծվել են հատկապես թուրքական իշխանամետ լրատվամիջոցները: