Օդանավակայաններում տեղեկատվական կենտրոններ բացելը կօգնի խուսափել անբարեխիղճ տաքսիստներից

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ երեկ հանդիպել է վարչապետի ավիացիայի գծով խորհրդական Հակոբ Ճաղարյանի և «Զվարթնոց» օդանավակայանի փոխտնօրեն Սերգեյ Ավետիսյանի հետ և հանդիպման ժամանակ քննարկել են օդանավակայաններում տեղեկատվական կենտրոններ բացելու առաջարկը։

«Այսօր վարչապետի ավիացիայի գծով խորհրդական պարոն Հակոբ Ճաղարյանի հետ հանդիպել ենք Զվարթնոց օդանավակայանի փոխտնօրեն Սերգեյ Ավետիսյանին: Քննարկել ենք մի շարք խնդիրներ, որոնք կան և՛ Զվարթնոց, և Գյումրի օդանավակայաններում: Ձեռք ենք բերել պայմանավորվածություն, որի արդյունքում, շուտով, Գյումրի օդանավակայանում կբացվի տեղեկատվական կենտրոն, ինչը կնպաստի, որ Հայաստան ժամանած քաղաքացիները լինեն առավել իրազեկ և պաշտպանված:

Ինչպես գիտեք, Գյումրի օդանավակայանում չկա որևէ ցուցանակ, չկա տեղեկատվություն տրամադրող աշխատակից, որի արդյունքում շատ ու շատ օտարերկրացի քաղաքացիներ հանդիպում են անբարեխիղճ մարդկանց և արդյունքում առաջին իսկ վայրկյանից խաբվում և հիասթափություն են ապրում, որն էլ բացասական վերաբերմունք է ձևավորում մեր երկրի նկատմաբ: Պարզվեց, որ այդ խնդիրը նաև կա Զվարթնոց օդանավակայանում, որտեղ տաքսու վարորդները առաջնորդվում են բացառապես անառողջ բարքերով և վախեցնում են ու սպառնում թե հյուրերին, թե աշխատողներին:

Գյումրու օդանավակայանում արդեն երկու ամիս է, ինչ խստացված վերահսկողություն է սահմանված մարզային ոստիկանապետի շնորհիվ, սակայն անբարեխիղճ վարորդներից ազատում չկա, քանի որ մի շարք հարցեր կան լուծելու և կարգավորելու: Դուրս է գալիս, որ մենք փորձում ենք նպաստել անհատ տաքսիների աշխատանքին, սակայն իրենք ամեն ինչ անում են, որ երկրի վարկանիշը իջեցնեն:

Վստահ եմ, որ տեղեկատվական անկյան բացվելը կնպաստի թե մարզի տուրիստական պոտենցիալի ներկայացմանը և թե հյուրերը կիմանան ինչպես և ինչ եղանակով շրջանցեն իրենց խաբող, ահաբեկող և շորթող տաքսու վարորդներից:
Քիչ մնաց»,- գրել է պատգամավորը։