Ի խայտառակություն Սորոսին այնքա՜ն նվիրված Հայաստանի ոստիկանության (տեսանյութ)

Հաղորդում հանցագործության մասին

 ՀՀ ոստիկանությունն առաջնորդվում է երկակի ստանդարտներով, ինչը վատագույն հետևանքն է նրա, որ պաշտոնապես լինելով ապաքաղաքական մարմին, իրականում քաղաքականացված է, Հայաստանի Հանրապետությանը և իրավակարգին ծառայելու փոխարեն, ծառայում է այսօրվա վարչախմբին։

ՎԵՏՕ (վերջնագիր երկիրը տվող օտարներին) նախաձեռնությունն ավելի վաղ հայտարարել էր այսօր ժամը 15:00-ին «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության («Սորոսի հիմնադրամ») գրասենյակի մուտքն արգելափակելու մասին: Սա Սորոսի հիմնադրամի հայաստանյան կառույցի գործունեության նկատմամբ բողոքի առաջին միջոցառումը չէր։ ՎԵՏՕ-ի հայտարարության համաձայն, մայիսի 31-ին Սորոսի գրասենյակի դիմաց խաղաղ, քաղաքացիական ակցիան փորձ է արվել խաթարել ոստիկանական աննորմալ քանակությամբ շատ ուժերի կուտակման միջոցով: ՎԵՏՕ-ի հայտարարության մեջ նշված էր նաև․

«Հայտարարում ենք, որ չի հաջողվելու ՎԵՏՕ շարժմանը հետ պահել, ստիպել նահանջել մեր օրակարգից. մենք շարունակելու ենք մեր ակցիաները օտարերկրյա գործակալական ցանցի դեմ նույնիսկ այն դեպքում, եթե կառավարություն և ԱԺ ներթափանցած գործակալական ցանցը որոշի Սորոսի գրասենյակը ճանաչել հատուկ պահպանվող տարածք, ինչն մայիսի 31-ին արդեն հասկացանք, որ այդքան էլ անիրատեսական չէ:

Մայիսի 31-ի  ակցիայից հետո փաստում ենք հետևյալը.

  1. Ապացուցվեց, որ Հայաստանում պաշտպանված չեն դատարանները, Ազգային ժողովը, քանի որ դրանք կարելի է շրջափակել կամ փակել, բայց գերպաշտպանված է Սորոսի գրասենյակը, որը պահպանում են ոստիկանական մեծաքանակ ուժեր՝ չթողնելով նույնիսկ մոտենալ այդ կառույցին:
  2. Ժողովրդավարական երկրում օրենքի շրջանակներում իրականացվող խաղաղ, քաղաքացիական ակցիան փորձ արվեց ճնշել իշխանությունների կողմից՝ Սորոսի պատվերով և հրահանգով:
  3. Իշխանությունների կողմից ՀՀ իրավապահ համակարգը ծառայեցվեց Սորոսին և վերջինիս գործակալական ցանցին, այլ ոչ թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին:
  4. Հիմնավորվեց, որ Սորոսի գրասենյակի, ինչպես նաև դրա ղեկավար Լարիսա Մինասյանի նկատմամբ հանրային որևէ վստահություն չկա, հակառակը կա հանրային պահանջ՝ այն փակելու, ուստի վերջինս փորձում է պաշտպանվել ոստիկանական ուժերի միջոցով: Փաստացի, իրեն քաղաքացիական հասարակության պաշտպան համարող կառույցը պաշտպանվում է քաղաքացիական հասարակությունից ոստիկանների միջոցով:
  5. Ապացուցվեց, որ իշխանությունն այնքան է թուլացել, որ օտարերկրյա գործակալներին սկուտեղի վրա մատուցում է արդեն ՀՀ պետականության կարևորագույն օղակներից մեկը՝ իրավապահ համակարգը՝ ոստիկանությանը դարձնելով Սորոսի գրասենյակը սպասարկող մարմին»:

Միանգամից նշենք, որ նույնը կատարվեց նաև այսօր․ դատելով համազգեստներից, ոստիկանական տարբեր ստորաբաժանումների ծառայողներ հոծ շղթայով արգելափակելով դեպի «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպություն տանող ճանապարհը, թույլ չտվեցին հիշյալ նախաձեռնության անդամներին, ինչպես նաև Սորոսի հիմնադրամի հայաստանյան կառույցի գործունեության դեմ իրենց բողոքն արտահայտելու եկած քաղաքացիներին հասնել վերջինիս գրասենյակ։

Այնտեղ գտնվող ոստիկանները «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության գրասենյակին քաղաքացիների մոտենալն արգելելը պատճառաբանեցին հասարակական կարգը պահպանելու անհրաժեշտությամբ, իսկ երբ հարցրեցինք, թե այդ դեպքում ինչո՞ւ նույն կերպ չվարվեցին և ս․ թ․ մայիսի 20-ին թույլատրեցին ՀՀ դատարանների մուտքերի շրջափակումը, ստիպված եղան լռել, չկարողացան պատասխանել, ընդամենը խորհուրդ տվեցին դիմել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությանը, խորհուրդ, որին անպայման կհետևենք։ Ի դեպ, նույն ոստիկանության ծառայողներն անհետացել էին ու փաստացի չէին կատարում իրենց ծառայական պարտականությունները, երբ անցյալ տարի «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման մասնակիցները գտնվելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում, գրավել էին Վեհարանը, փորձում էին իրենց կամքը թելադրել Կաթողիկոսին և այլ հոգևորականների։ Նույն ոստիկանության ծառայողներն իրենց ծառայական պարտականությունները չէին կատարում նաև մեկ այլ վայրում, երբ, ի խայտառակություն ողջ ազգի, հիշյալ շարժման մասնակիցները Կաթողիկոսին հրել-քաշելով 360 աստիճան, պտտեցնում էին։ Ընդգծենք, որ, ի տարբերություն Կաթողիկոսարանի մուտքի մոտ գտնվող տարածքի, որը եկեղեցապատկան է, «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության գրասենյակի մուտքի մոտ գտնվող տարածքը հանրային է և այնտեղ ցանկացած մարդ կարող է գտնվել և մասնակցել բողոքի ոչ բռնի ցանկացած միջոցառման։

Մայիսի 31-ին և այսօր կատարվածից կարող ենք եզրակացնել, որ Հայաստանում իշխանության հայտնի թևերից (օրենսդիր, գործադիր, դատական) բացի, գոյություն ունի ևս մեկը՝ Սորոսի գաղտնի կամ, թերևս, արդեն ոչ գաղտնի իշխանությունը, որն իր ազդեցությամբ և անձեռնմխելիությամբ ավելի վեր է, քան նույնիսկ դատական իշխանությունը։ Մեր երկիրը, ըստ էության, ընդհատակյա կերպով գրավված է Սորոսի իշխանության կողմից, որն արդեն դարձել մեր երկրում տեր ու տնօրինություն անողը, թելադրողը, հետևաբար ժամանակն է ազգային ազատագրական պայքարի շեփորը հնչեցնելու և օտար, մեր ժողովրդի ու պետության համար վտանգավոր ու վնասակար այդ ուժին իր տեղը ցույց տալու։

Խայտառակությունը հասել է նույնիսկ այն աստիճանի, որ ոստիկանության բազմաթիվ ծառայողներ, Սորոսի հիմնադրամի հայաստանյան կառույցի աշխատակիցներին չգիտես ումից պաշտպանելու կամ իրենց կենդանի արգելապատնեշից որևէ մեկին այն կողմ չթողնելու կույր մղմամբ միասնաբար ոտնահարեցին ՀՀ Սահմանադրությունը և թույլ տվեցին ՀՀ քրեական օրենսգրքով պատժելի հանցանք։

Անձամբ ես, ներկայանալով որպես լրագրող, իմ ճանապարհը փակած ոստիկաններին խնդրեցի մի կողմ կանգնել և թույլ տալ ընթանալ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության գրասենյակ՝ վերջինիս ղեկավար Լարիսա Մինասյանից կամ հիմնադրամի այլ պաշտոնյաներից անհրաժեշտ պարզաբանումներ ստանալու նպատակով։ Ոստիկանները, սակայն, դա թույլ չտվեցին, նրանցից մեկը պատճառաբանեց, որ իրենք այդտեղ ծառայություն են իրականացնում։ Բացատրությունս, որ ծառայություն դուք իրականացրեք, ես էլ լրագրող եմ, իմ մասնագիտական օրինական գործունեությունն եմ իրականացնում, իզուր եղավ, ոստիկանները մնացին անդրդվելի։

Իրենց կենդանի շղթան ճեղքելու և առաջ ընթանալու փորձս տեղում գտնվող ոստիկանները ֆիզիկապես կասեցրին՝ միաժամանակ թույլ տալով և՛ ՀՀ Սահմանադրության 2-րդ գլխի («Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները») 40-րդ հոդվածով  («Ազատ տեղաշարժվելու իրավունքը») երաշխավորված իմ սահմանադրական իրավունքի (Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական հիմքերով գտնվող յուրաքանչյուր ոք ունի ազատ տեղաշարժվելու իրավունք) կոպիտ խախտում, և՛ 39-րդ հոդվածով սահմանված մարդու ազատ գործելու իրավունքի խախտում («Մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները և չի հակասում Սահմանադրությանը և օրենքներին: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով»), և՛ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի («Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը») 2-րդ մասով նախատեսված ու պատժելի հանցանք։

Փորձեցի օգնել ոստիկաններին, որպեսզի չշարունակեն հանցագործությունը, նրանց բացատրեցի, որ թույլ են տալիս ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված ազատ տեղաշարժվելու իմ իրավունքի կոպիտ խախտում, ինչպես նաև խոչընդոտելով լրագրողիս մասնագիտական օրինական գործունեությանը, կատարում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցանք։ Սակայն, պատկերացնո՞ւմ եք, վերին հրամանը կուրորեն կատարելու և ամեն ինչ անելու մղումը, որ Սորոսի հիմնադրամի հայաստանյան կառույցը հանկարծ ՀՀ ոստիկանությունից, իշխանություններից չնեղանա, այնքան մեծ եղավ, որ նույնիսկ իրենց ուղղված վերոնշյալ նախազգուշացումներս եղան ապարդյուն։

Րոպեներ անց ոստիկաններից մեկն ասաց, թե հիշյալ կազմակերպության գրասենյակ հասնելու իմ խնդրանքը կփոխանցեն։ Բնականաբար, հարց առաջացավ՝ ո՞ւմ, «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության ղեկավարին կամ աշխատակցի՞ն․․․ ՀՀ ոստիկաններն արդեն խոստովանո՞ւմ են, որ իրենք Սորոսի հիմնադրամի հայաստանյան կառույցի ենթակաները կամ կամակատարներն են․․․ Համենայն դեպս, փաստն այն է, որ նրանք երեկ հիշյալ կազմակերպության ցուցումով առաջնորդվեցին, նրանից թույլտվություն հարցրեցին․․․

Որոշ ժամանակ հետո ոստիկանները տեղեկացրեցին, որ Լարիսա Մինասյանը չի կարող ընդունել ինձ։ Իսկ ոստիկաններին ո՞վ էր ասել, թե իմ ցանկությունը միայն նրա հետ հանդիպելն էր և ինձ հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալու համար իրավունք չունեի դիմելու կամ չէի կարող դիմել հիշյալ կազմակերպության մեկ այլ աշխատակցի, չէ՞ որ նախապես ոստիկաններին հստակ ասել էի, որ ցանկանում եմ հանդիպել կազմակերպության ղեկավար Լարիսա Մինասյանին կամ հիմնադրամի այլ պաշտոնյաների՝ անհրաժեշտ պարզաբանումներ ստանալու նպատակով։ Ակնհայտ է, որ ոստիկաններն իմ զգուշացումներից հետո ստիպված դիմեցին արհեստական պատճառաբանության՝ փորձելով իրենց կողմից կատարված հանցանքի համար արդարացում գտնել։ Չի՛ ստացվելու։ Քաղաքացու և լրագրողի սահմանադրական ազատություններիս և իրավունքներիս կոպիտ խախտման և այս հանցանքի համար տեղում գտնված և այն միասնաբար կատարած բոլոր ոստիկանները պետք է անպայման պատասխան տան։ Հուսամ, որ դա կլինի օրենքի առջև ու բանը հարկադրաբար չի հասնի ծայրահեղությունների․․․

Հանցագործության մասին այս հրապարակային հաղորդումն ուղղված է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին, որոնք, կարծում եմ, հրաշալի գիտեն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջները։

Միաժամանակ սույն հրապարակումը համապատասխան միջոցներ ձեռնարկելու ակնկալությամբ հրապարակային դիմում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին։

Արթուր Հովհաննիսյան