Ինտերներտ շահումով խաղատները 1,5 տարվա ընթացքում կտեղափոխվեն մարզեր, իսկ խաղային ավտոմատները առաջիկայում կհավաքվեն

ՀՀ Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ միաձայն (109 ձայնով) ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի հեղինակած՝ բուքմեյքերական գրասենյակների և խաղային ավտոմատների գործունեությունը սահմանափակելու մասին օրենքի նախագիծը։

«Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում կատարված փոփոխություններով առաջարկվում է խստացնել վիճակախաղերի և շահումով խաղերի, խաղային ավտոմատների խաղադրույքների պայմանները։ Օրենքի պարտադրմամբ՝ շահումով խաղատները 1,5 տարվա ընթացքում կտեղափոխվեն Ծաղկաձոր, Սևան, Ջերմուկ և Մեղրի, իսկ խաղային ավտոմատները պետք է հավաքվեն օրենքն ընդունելուց հետո 10 օրվա ընթացքում։

Բացի դրանից, խաղացողների համար նաև տարիքային սահմանափակման շեմն է ավելացել` մինչև 21 տարեկան։ Գրեթե բացառվում է կանխիկ գործարքների հնարավորությունը։

Օրինագծի համաձայն` ամուսիններից մեկը կարող է դատական կարգով արգելել մյուսին մտնել խաղասրահ։

Օրենքն ուժի մեջ կմտնի 2020թ․ նոյեմբերին։ Բայց դա չի վերաբերում գազալցակայաններում տեղադրված ավտոմատներին, որոնք դուրս կբերվեն օրինագծի ընդունումից 10 օր անց։ Հայաստանում դրանք մոտ 1000 են։

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին բուքմեյքերական գրասենյակների մի խումբ աշխատակիցներ ԱԺ–ի շենքի դիմաց փակել էին Բաղրամյան պողոտան` պահանջելով վերանայել այդ ընկերությունների գործունեության պայմանները խստացնող օրինագիծը։

Բողոքի ակցիայի մասնակիցներին ի վերջո հաջողվել էր հանդիպել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի հետ, որն էլ խոստացել էր հաշվի առնել նրանց առաջարկությունները։