«Դուրսը» «ներսի» ձեռքով երկիր է քանդում

Արևմտյան քաղտեխնոլոգիաների ճկուն կիրառմամբ՝ Հայաստանում իշխանափոխություն իրականացրած Նիկոլ Փաշինյանը շարունակում է երկիր կառավարել նույն տեխնոլոգիաների տրամաբանությամբ: Բոլոր ոլորտներում ձախողված «տեխնոլոգը»  անընդհատ ինչ-որ թիրախներ է փնտրում` իր քաղաքական ձախողումները դրանց վրա  բարդելու համար։

«Հանուն ժողովրդի» լոզունգով դրոշ պարզած Փաշինյանը մեկ տարվա ընթացքում ոչինչ չարեց այդ «հանունի» համար, հակառակը՝ աշխատում է «ընդդեմի» դաշտում`պառակտելով ու թշնամանք հրահրելով:

Տարօրինակ իրողություն է մեզանում. սովորաբար, նորմալ պետություններում իշխանությունն ինքն է շահագրգիռ երկրի ներքին քաղաքական կայունությամբ, և իր  քաղաքականությունն էլ վարում է այնպես, որպեսզի երկիրը հեռու պահի վայրիվերումներից:  Մինչդեռ Հայաստանի իշխանությունն այսօր ինքն է դարձել լարվածության  ու ապակայունացման կենտրոն:

Հաճախ է ասվում, թե Նիկոլ Փաշինյանն ուղղակի չի կարողանում հրաժարվել ընդդիմադիր լիդերին բնորոշ իր անհավասարակշիռ դերից: Կարծում եմ՝ սա պարզունակ մոտեցում է ու  ավելին` ինչ-որ տեղ նաև Փաշինյանի միտումնավոր քայլերն արդարացնող: Իսկ այդ քայլերը հուշում են, որ դրանք զուտ նախկին ընդդիմադիրի անհավասարակշիռ բնավորության դրսևորումներ չեն, դրանցում ակնհայտ են հստակ ու հեռահար նպատակներ:

«Թավիշից», ժողովրդավարությունից, սիրուց, հանդուրժողականությունից խոսողն իշխանության գալով, տարածում է թշնամանք ու ատելություն՝ հասարակությունը  բաժանելով սևի ու սպիտակի, նոր ու հին Հայաստանների միջև: Ներքին դավադրություններ որոնելը երկիրը ներսից թուլացնելուն միտված հստակ քաղաքականություն է:

Ո՞ր դեպքում է իշխանությունը նպատակադրված ներքին երկպառակություն հրահրում, երբ իր համար ձեռնտու չէ ներսում ունենալ ըմբոստ, իր հրահանգները մերժող, վտանգների առաջ միասնաբար կանգնող, մտածող ազգ, որը կստիպի իշխանությանը հաշվի նստել իր հետ․ նրան ձեռնտու է  կառավարելի հանրույթ:

Պետք է կույր լինել ու չնկատել, որ մեզանում իրականացվում է կառավարելի քաոսի տեսությունը:

Ի դեպ, մի կարևոր իրազեկում, որին թերևս քչերն են տեղյակ. կառավարելի քաոսի տեսության հեղինակը Սթիվեն Մանն է, որը 90-ականներին աշխատել է նորանկախ Հայաստանի ամերիկյան դեսպանատանը: Եվ նա ներսից շատ լավ է ճանաչում Հայաստանը…  Եզրահանգումը թողնում ենք ընթերցողին։

Այսպիսով,  մեր  ժողովուրդը պետք է տեղյակ լինի հետևյալում՝  «դրսի» ուղղորդմամբ,  «ներսի» ձեռքով երկիր է քանդվում: Տեխնոլոգիա է, նոր Հայաստանում կիրառվող սորոսյան մարտավարություն:

Արմինե Սիմոնյան