Ժամանակն է մի կողմ դնել խմբային -կուսակցական շահն ու համախմբվել ընդդեմ ադրբեջանաթուրքական սպառնալիքի

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով թուրք-ադրբեջանական զորավարժություններին՝ գրել է, որ նախորդ մեկ տարվա ընթացքում թուրք-ադրբեջանական տանդեմը ակտիվացել էր Նախիջևանի հատվածում, ինչը խիստ մտահոգիչ է։

«Վերջին շրջանում Ադրբեջանից հաճախացել են հակահայկական հայտարարությունները,- գրել է ՀՀԿ մամուլի խոսնակը:- Հունիսի 7-11-ը Նախիջևանում նախատեսվում է կազմակերպել թուրք-ադրբեջանական տակտիկական զորավարժություններ ՝ մարտական կրակաերթի կիրառմամբ:

Վեջին մեկ ամսվա ընթացքում սա երկրորդ թուրք-ադրբեջանական զորավարժություններն են և ակնհայտ է,որ սա ուղղված է հայկական երկու հանրապետությունների դեմ :

Նախորդ մեկ տարվա ընթացքում թուրք-ադրբեջանական տանդեմը ակտիվացել էր Նախիջևանի հատվածում:

Սա բացահայտորեն չի կարող չմտահոգել հայկական կողմերին:
Մյուս կողմից ակտիվացման հերթական փորձն են կատարում ոչ անհայտ սորոսական, գրանտակեր գործիչները,որոնց թիրախում հերթական անգամ հայտնվել են պետական ինստիտուտները:
Սա հստակ նպատակ ունի թուլացնել Հայաստանի պետական ու ազգային անվտանգությունը:

Պետք է գիտակցել՝ Հայաստանի պետական և ազգային անվտանգությունը վեր է ամեն ինչից և թույլ չպետք է տալ Ադրբեջանի, Թուրքիայի և գրանտակեր, հակապետական ուժերի ակտիվացումը ընդդեմ Հայաստանի Հանրապետության:

Հ.Գ.
Գրառումս գրելու ընթացքում տեղեկացա, որ ադրբեջանցիների դավադիր կրակոցից հայ զինվոր է սպանվել…

Հ.Հ.Գ.
Տղերք, հերիք է բաժանարար գծեր քաշենք հայրենիքի ներսում։ Ժամանակն է մի կողմ դնել խմբային -կուսակցական շահն ու համախմբվել ընդդեմ ադրբեջանաթուրքական սպառնալիքի»: