Լուսինեն խաչքարի միջից հանեց նրա մեջ նիրհող մաքուր մեղեդին (տեսանյութ)

Այսօր Լուսինե Զաքարյանը կդառնար 82 տարեկան

Այսօր՝ հունիսի 1-ին, Լուսինե Զաքարյանի ծննդյան օրը, Եզնիկ Կողբացի 42 հասցեում պաշտոնապես իր դռներն է բացում Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանը:

Պալյան ընտանիքի նախաձեռնությամբ 2016 թ. սկսվել են հայ անվանի արվեստագետներ Լուսինե Զաքարյանի և Խորեն Պալյանի տուն-թանգարանի ստեղծման աշխատանքները: Բնակարանը, որտեղ հայ անվանի արվեստագետներ Լուսինե Զաքարյանը և Խորեն Պալյանն ապրել են 1968-2007 թթ., տուն-թանգարանի վերածելու Խորեն Պալյանի ցանկությունն իրականություն է դարձրել նրա եղբորորդի, դոկտոր Րաֆֆի Պալյանը, ում ֆինանսավորմամբ 2018թ. իրականացվել են վերանորոգման աշխատանքները:

Անվանի երգչուհին ծնվել է 1937 թվականի հունիսի 1-ին, Վրաստանի Մեցխեթի շրջանի Ախալցխա քաղաքում: Մինչև 15 տարեկանը ապրել և մեծացել է Ախալցխայում։ 1952 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան, սովորել Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 1957 թվականին ընդունվել է Երևանի պետական կոնսերվատորիա: Այդ տարիներին նրա տաղանդն արդեն բացահայտ էր։

Լուսինե Զաքարյանը սերում է երաժիշտների գերդաստանից։ Մայրական պապը՝ Իոսիֆ Տոմաշևիչը (ծագումով լեհահայ) եղել է Սանկտ Պետերբուրգի Կայսերական օպերային թատրոնի մեներգիչ, ձայնային հարուստ տվյալներով օժտված բաս-պրոֆունդո, որն իր ձայնը մշակել էր Իտալիայում։ Տատը՝ Ելենա Տոմաշևսկայան, դաշնակահարուհի էր։ 1970-1983 թթ. եղել է Հայաստանի Ազգային հեռուստաընկերության և ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի մեներգչուհի։ Այդ ընթացքում երգել է նաև Էջմիածնի Մայր տաճարի երգչախմբում։ Գերազանց կատարել է ինչպես արևմտաեվրոպական ստեղծագործություններ, այնպես էլ՝ հայկական ժողովրդական և հոգևոր երաժշտություն։ Դեռևս խորհրդային տարիներին, երբ արգելվում էին բազմաթիվ երաժշտական ոճեր, առավելևս հոգևոր երաժշտությունը, նա համարձակություն է ունեցել բարձրացնել բեմ հայկական հոգևոր երաժշտությունը։

1972 թվականին արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչման։

Համերգներով շրջագայել է աշխարհի շատ երկրներում՝ փառքով ներկայացնելով Կոմիտասին, հայ ժողովրդական երգերը, տաղերը և շարականները։ Պարբերաբար համերգներ է տվել հայազգի աշխարհահռչակ երգեհոնահար Պերճ Ժամկոչյանի հետ։ Լուսինեի թովիչ ձայնը ներշնչել է բանաստեղծներին և կոմպոզիտորներին։ Կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանը Նրա համար է գրել «Վոկալիզը»: Նրան բանաստեղծություններ են ձոնել Սիլվա Կապուտիկյանը, Վահագն Դավթյանը, Արշալույս Մարգարյանը, օտարազգի բանաստեղծները (Էդուարդաս Մեժելայտիս, Անտոն Խիժնյակ, Միխայիլ Մատուսովսկի)։ Շնորհիվ հոգեթով ձայնի և բարձր արվեստի, Լուսինե Զաքարյանի ձայնագրությունները մտել են համաշխարհային երաժշտության ձայնադարան։ Վահագն Դավթյանը գրել է. «Լուսինեն խաչքարի միջից հանեց նրա մեջ նիրհող մաքուր մեղեդին»:

Մի առիթով Արաքս Մանսուրյանը խոստովանել է. «Լուսինե Զաքարյանը բացեց այն փակ դուռը, որին մինչ այդ ոչ ոք չէր համարձակվում մոտենալ: Նրա երգեցողության մեջ երկրորդական էին վոկալը, տեխնիկան, առաջնայինը հոգին էր, նրա հավատը: Հրեշտակ էր, սրբություն»:

Լուսինե Զաքարյան-Խորեն Պալյան ամուսնական զույգն իր հայեցի նկարագրով օրինակ էր ոչ միայն մտավորականների, այլև գրաբարի հմուտ մասնագետ Խորեն Պալյանի ուսանողների համար, որոնց առջև Պալյանը բացում էր հայագիտության գանձարանի դռները:

Լուսինե Զաքարյանը ծանր հիվանդությունից վախճանվել է 1992 թվականի դեկտեմբերի 30-ին, Երևանում: Այն ժամանակվա ՀՀ կառավարությունը աններելիորեն չի թույլատրել երգչուհուն հուղարկավորել Կոմիտասի անվան պանթեոնում։  Եվ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի համաձայնությամբ Լուսինեի մարմինը 1993 թվականի հունվարի 4-ին հողին է հանձնվել Էջմիածին քաղաքի Սուրբ Գայանե եկեղեցու բակի գերեզմանատանը, ուր և այժմ գտնվում է ժողովրդի կողմից շատ սիրված մեծանուն երգչուհու շիրիմը: