Աշխարհում ծխելուց յուրաքանչյուր 6 վայրկյանում 1 մարդ է մահանում

Այսօր ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Մայիսի 31-ը ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ երկրներն այդ օրը նշում են որպես «Առանց ծխախոտի» համաշխարհային օր: ԱՀԿ-ն այն նշում է 1988 թվականից, իսկ Հայաստանը` 2000-ից:

Հայաստանի Հանրապետությունը, միանալով Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիային, ընդունել է «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքը, որով արգելվում է ծխելը հանրային տրանսպորտում, առողջապահական, կրթական, մշակութային վայրերում: Ցավոք, այդ կոնվենցիան, ինչպես շատ դեպքերում, մեզանում հիմնականում թղթի վրա է մնացել, չի գործում և որևէ մեկը պատշաճ չի վերահսկում օրինախախտներին։

Առողջապահության նախարարության տեղեկացմամբ, այսօր կկազմակերպվեն տարբեր միջոցառումներ, որոնց նպատակն է բարձրացնել հանրության իրազեկվածությունը ծխելու վնասակար հետևանքների մասին, տարածել առողջ ապրելակերպի գաղափարը և գտնել ուղիներ՝ ապագա սերունդներին պաշտպանելու նիկոտինային կախվածությունից:

Ծխախոտ օգտագործող մարդկանց ավելի քան 80%-ն ապրում են տնտեսապես ոչ զարգացած երկրներում, որտեղ ծխախոտից առաջացած հիվանդությունների թիվն ամենամեծն է: Ծխախոտի մշտական օգտագործումը ուժեղ կախվածություն է առաջացնում ու կայուն բացասական ազդեցություն ունի ծխողի առողջության վրա:

Ծխախոտն ավելի քան 25 հիվանդությունների առաջացման պատճառ կարող է դառնալ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն, 20-րդ դարում ծխելու հետևանքով մահացել է 100 մլն մարդ։ Աշխարհում ամեն 6 վայրկյանը մեկ ծխելուց 1 մարդ է մահանում: Ծխախոտի ծխի պարունակած 90-ից ավելի բաղադրիչներից և ոչ մեկը օգտակար չէ առողջությանը: Մասնագետները կանխատեսում են, որ այս տարի ծխախոտի պատճառով մահացությունների թիվը կհասնի 5 միլիոնի, իսկ արդեն 2030-ին՝ 8մլն-ի։

Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում, ծխախոտի օգտագործումը և դրա հետևանքով առաջացած հիվանդացության և մահացության բարձր ցուցանիշներն առողջապահական և տնտեսական լուրջ խնդիրներ են ստեղծում:

Հայաստանում ծխախոտի օգտագործման տարածվածությունը բարձր է հատկապես տղամարդկանց շրջանում: Վիճակագրական տվյալների համաձայն` մեծահասակ բնակչության գրեթե մեկ երրորդը կանոնավոր (ամենօրյա) ծխող է, օգտագործողների ճնշող մեծամասնությունը տղամարդիկ են։

Հայաստանում տղաների շրջանում ծխելու առաջին փորձերը կատարվում են 13-15 տարեկանում: Իրականացված հարցման համաձայն`15 և բարձր տարիքային խմբերում ծխախոտի օգտագործման տարածվածությունը կազմել է 24%` տղամարդկանց շրջանում 50%, կանանց շրջանում` մինչև 3%: