Կառավարությունը հունիսի 7-ին ԱԺ արտահերթ նիստ կգումարի

Այսօր ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց հունիսի 7-ին, ժամը 11:00-ին գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ։

Արտահերթ նիստի օրակարգում կառավարությունն առաջարկում է ընդգրկել Հարկային օրենսգրքում, «Պետական տուրքի մասին» օրենքում, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին», «Լիցենզավորման մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին», «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» օրենքներում փոփոխությունների ու լրացումների նախագծերը։

Նիստի օրակարգում են ներառված նաև սահմանամերձ բնակավայրերում գործունեությունը հարկերից ազատելու, կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող`ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա ապրանքների ցանկը հաստատելու և ավելացված արժեքի հարկից ազատելու մասին օրենքների նախագծերը, ինչպես նաև պետական կենսաթոշակների, ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների, նպաստների մասին օրենքներում լրացումների ու  փոփոխությունների նախագծերը։

Ներկայացված նախագծերն ԱԺ-ում կներկայացնի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Ընդ որում, նշված օրինագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կառավարությունն առաջարկում է կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունվելուց անմիջապես հետո` 24 ժամվա ընթացքում