Պահուստային ֆոնդից 18 539 100 դրամ փոխանցվել է Հայաստանի նկարիչների միությանը

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում մշակույթի նախարարության առաջարկով որոշում է կայացրել պահուստային ֆոնդից 18 539 100 դրամ փոխանցել Հայաստանի նկարիչների միությանը։

Որոշման մեկնաբանություններում նշված է, որ այդ գումարն անհրաժեշտ է միության ունեցած հարկային պարտավորությունը մարելու նպատակով:

Իսկ պարտավորություններն առաջացել են 01.09.2015թ.-01.01.2017թ.-ի ընթացքում։ Այս ժամանակահատվածում միությունը վարձակալությամբ տվել է տարածքներ, բայց վարձակալությունից ստացված եկամուտներից հարկեր չի վճարել։ «Ըստ նախկին նախագահի պատճառաբանության, քանի որ նախորդ տարում չեն գերազանցել 58,3 միլիոն ՀՀ դրամ շրջանառության շեմը, տեղյակ չեն եղել, որ ԱԱՀ-ի վճարման պարտավորություն կրող են, ուստի «Հայաստանի նկարիչների միություն» ՀԿ-ի կողմից չի ներկայացվել ավելացված արժեքի հարկի հաշվարկ»,- նշված է կառավարության որոշման հիմնավորումներում։

Այս չկատարված պարտավորությունները, ի դեպ, ի հայտ են եկել հարկային ստուգման արդյունքում։ Եվ քանի որ նկարիչների միության պարտքը ի հաշիվ տույժերի ու տուգանքների, շարունակում է աճել, կառավարությունն առաջարկում է մարել այս պահին առկա պարտքը` 18,5 միլիոն դրամը և ապահովել միության բնականոն աշխատանքը։

Հիշեցնենք` 2018-ի դեկտեմբերի 15-ին Հայաստանի նկարիչների միության նախագահ է ընտրվել Սուրեն Սաֆարյանը: Մինչ այդ 20 տարի շարունակ միությունը ղեկավարում էր Կարեն Աղամյանը։