Ստամբուլյան կոնվենցիան սպառնալիք է․ ի՞նչ է թաքցնում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը

2019-ի մայիսի 13-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրապարակեց «Եվրոպայի խորհրդի Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիայի (Ստամբուլյան կոնվենցիա) վերաբերյալ մի նյութ, որտեղ ներկայացրեց, թե իբրև կոնվենցիայի մեջ ավանդական ընտանեկան արժեհամակարգի համար սպառնալիք համարվող որևէ դրույթ չկա։

«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնը ներկայացրել է հատվածներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պնդումների մասին և կոնվենցիայի այն հոդվածները, որոնք ուղղակիորեն սպառնալիք են մեր հոգևոր, ազգային և ավանդական ընտանեկան արժեհամակարգի համար։

Նախարարություն

Չկա ոչ մի վտանգ ընտանիքի կոնցեպտի տեսանկյունից: Կոնվենցիան չի կարգավորում ընտանեկան կյանքը կամ ընտանիքի կառուցվածքը, և պետությունները ստիպված չեն փոխել ընտանիքի մասին ավանդական պատկերացումները:

Պատասխան

Կոնվենցիայում օգտագործվում է «զուգընկերներ» հասկացությունը, որի համար չի նշվում մարդու սեռը, զուգընկերները ներկայացվում են որպես ընտանիքի անդամներ, զուգընկերներ կարող են լինել նաև նույն սեռի անձինք։

Հոդված 3․ Սահմանումները

բ. «Ընտանեկան բռնություն»՝ նշանակում է ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բռնության գործողություններ, որոնք կատարվում են ընտանիքի կամ ընտանեկան միավորի ներսում կամ նախկին կամ ներկա ամուսինների կամ զուգընկերների միջև՝ անկախ կատարողի՝ տուժողի հետ նույն բնակարանում բնակվելու հանգամանքից։

Կոնվենցիայի հոդված 36-ի 3-րդ կետում, հոդված 46-ի «ա» կետում, հոդված 59-ի 1-ին և 2-րդ կետերում նշվում է, որ մասնակից պետությունները պետք է ձեռնարկեն օրենսդրական և այլ բնույթի անհրաժեշտ բոլոր միջոցները զուգընկերների պաշտպանության համար։

Նախարարություն

Ավանդույթներն ու արժեքները վտանգի տակ չեն: Կոնվենցիան միմիայն նշում է, որ ավանդույթները, մշակույթը և կրոնը չեն կարող կանանց նկատմամբ բռնությունն արդարացնելու հիմք հանդիսանալ։

Պատասխան

Հոդված 12․ Ընդհանուր բնույթի պարտավորություններ

  1. Մասնակից պետությունները պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն՝ կանանց և տղամարդկանց վարքագծի սոցիալական և մշակութային վարվելակերպերում փոփոխություններ մտցնելու նպատակով՝ այն հաշվով, որ արմատախիլ արվեն այն նախապաշարմունքները, սովորույթները, ավանդույթները և մյուս բոլոր այն երևույթները, որոնք հիմնված են կանանց ստորադասվածության կամ կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա։

Արևմտյան չափանիշների համաձայն՝ ընտանիքի ավանդական մոդելը, կանանց և տղամարդկանց դերերի ավանդական պատկերացումները դիտարկվում են որպես կարծրատիպ։

Օրինակ, «Գենդերային հավասարության Եվրոպական ինստիտուտի» համաձայն՝ գենդերային կարծրատիպի անվան տակ հասկացվում են կողմնակալ գաղափարներ, որոնց համաձայն կանանց և տղամարդկանց կամայականորեն վերագրվում են դերեր և հատկանիշներ իրենց սեռով պայմանավորված և սահմանափակված։

Այսինքն սա նշանակում է, որ կանանց և տղամարդկանց միջև սեռային տարբերությունները կարող են ջնջվել, իսկ կանայք և տղամարդիկ կարող են ձեռք բերել հակառակ սեռի վարքագիծ (գենդերային ինքնության փոփոխություն՝ սեռափոխություն)։

Նախարարություն

Կոնվենցիան չի անդրադառնում նույնասեռ ամուսնությունների ընդունմանը: Կոնվենցիան որևէ կերպ չի ազդում ամուսնության մասին ազգային օրենսդության վրա:

Պատասխան

Հոդված 4․ Հիմնարար իրավունքներ, հավասարություն, ոչ խտրական հավասարություն և ոչ խտրական վերաբերմունք

  1. Մասնակից պետությունների կողմից սույն Կոնվենցիայի դրույթների կատարումը, մասնավորապես՝ զոհերի իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցները, պետք է ապահովվեն առանց խտրականության, այն է՝անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից, սեռական կողմնորոշումից, գենդերային ինքնությունից, տարիքից, առողջական վիճակից, հաշմանդամության առկայությունից, ամուսնական դրությունից, միգրանտի, փախստականի կամ այլ կարգավիճակից:

Միջազգային փաստաթղթերում, մասնավորապես Եվրախորհրդի փաստաթղթերում, հստակ սահմանված է, թե ինչ է նշանակում խտրականություն սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով և ինչ է նշանակում այդ խտրականության արգելք։

Համաձայն այդ նորմերի՝ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով խտրականության արգելքի մեջ մտնում են նաև անձի կողմից սեփական գենդերի (գենդերային ինքնության) ազատ ընտրության իրավունքը, այլ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության քարոզի իրավունքը տեղեկատվության հաղորդման բոլոր միջոցներով, գենդերային ինքնության հիման վրա ամուսնանալու իրավունքը (օրինակ տրանսգենդեր՝ սեռափոխ անձն ամուսնանում է կենսաբանորեն նույն սեռի անձի հետ)։

Նախարարություն

«Երրորդ գենդեր»-ը ներկայացված չէ կոնվենցիայում: Չկա նաև դրա ընդունման որևէ պարտավորություն: Պետությունները միայն պարտավորվում են պաշտպանել տուժողների իրավունքները առանց որևէ խտրականության, ներառյալ սեռը, ռասան, կրոնը, լեզուն, տարիքը, ամուսնական կարգավիճակը, սեռական կողմնորոշումը կամ գենդերային ինքնությունը:

Պատասխան

Կոնվենցիայի հոդված 4-ում սահմանվում է, որ մասնակից պետությունների կողմից Կոնվենցիայի դրույթների կատարումը, մասնավորապես՝ զոհերի իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցները, պետք է ապահովվեն առանց խտրականության՝ անկախ սեռական կողմնորոշումից, գենդերային ինքնությունից։

Միջազգային չափանիշներով խտրականության արգելքը սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով  ներառում է նաև անձի կողմից սեփական գենդերի (գենդերային ինքնություն) ազատ ընտրության իրավունք։

Նախարարություն

Գենդերային հավասարության հասնելու և կարծրատիպերի դեմ պայքարելու համար որևէ կրթական մոդել Կոնվենցիան չի պարտադրում: Պետություններն ազատ են հաշվի առնելու իրենց հնարավորությունները՝ առավել համապատասխան կրթական նյութեր և մոտեցումներ ընտրելիս:

Պատասխան

Կոնվենցիայի հոդված 12-ում նշված է, որ մասնակից պետությունները պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն՝ կանանց և տղամարդկանց վարքագծի սոցիալական և մշակութային վարվելակերպերում փոփոխություններ մտցնելու նպատակով՝ այն հաշվով, որ արմատախիլ արվեն այն նախապաշարմունքները, սովորույթները, ավանդույթները և մյուս բոլոր երևույթները, որոնք հիմնված են կանանց ստորադասվածության կամ կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա։

Հոգևոր, քրիստոնեական, ազգային և ավանդական ընտանեկան արժեհամակարգը տարիների ընթացքում փոխանցվել է անմիջականորեն սերնդեսերունդ երկու ազգային ինստիտուտների՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և ընտանիքի միջոցով։ Այդ արժեհամակարգը փոխանցվել է նաև պետական կրթական ծրագրերի և առարկաների միջոցով։

Այսինքն, կոնվենցիան պահանջում է կիրառել միջոցներ արմատախիլ անելու համար այն բոլոր ավանդույթներն ու սովորույթները, որոնք դարեր ի վեր փոխանցվել են սերնդեսերունդ և կազմում են մեր հոգևոր, քրիստոնեական, ազգային և ավանդական ընտանեկան արժեհամակարգի բաղկացուցիչ մասերը, այդ թվում նաև կրթական ոլորտում։

Նախարարություն

Կոնվենցիայի շրջանակներում միգրացիայի և ապաստանի հայցման քաղաքականությունները հարցականի տակ չեն դրվում: Կոնվենցիան ընդունում է, որ միգրանտ և ապաստան հայցող կանայք հատկապես խոցելի են գենդերային բռնության տեսանկյունից, և ըստ այդմ, կոնվենցիան հայցում է, որ պետությունները հաշվի կառնեն այս կանանց հատուկ կարիքները:

Պատասխան

Գլուխ VII – Միգրացիա և ապաստան

Հոդված 59․ Կացության կարգավիճակ

  1. Մասնակից պետությունները պետք է ձեռնարկեն օրենսդրական և այլ բնույթի անհրաժեշտ բոլոր միջոցները` որպեսզի այն զոհերը, որոնց կացության կարգավիճակը կախված է ամուսինների կամ զուգընկերների՝ ներպետական իրավունքում դրանց տրված իմաստով, ունեցած կարգավիճակից, ամուսնալուծվելու կամ հարաբերությունը դադարեցնելու դեպքում, առանձնակի դժվարություն ներկայացնող պայմանների առկայությամբ և դիմումի հիման վրա, ստանան կացության ինքնուրույն թույլտվություն՝ անկախ ամուսնության կամ հարաբերության տևողությունից։ Կացության ինքնուրույն թույլտվություն տալու պայմանները և դրա տևողությունը սահմանվում են ներպետական օրենսդրությամբ։

Հոդված 60․ Գենդերային հիմքով ապաստան ստանալու խնդրանքներ

3.Մասնակից պետությունները պետք է ձեռնարկեն օրենսդրական և այլ բնույթի անհրաժեշտ բոլոր միջոցները` ապաստան հայցողների համար գենդերային բաղադրիչը հաշվի առնող ընդունման ընթացակարգեր և աջակցության ծառայություններ, ինչպես նաև գենդերային ուղեցույցներ և գենդերային բաղադրիչ ունեցող ապաստան տրամադրելու ընթացակարգեր ստեղծելու համար, ներառյալ՝ փախստականի կարգավիճակ տալու հարցի լուծումը և միջազգային պաշտպանության մասին դիմումները։

Այսինքն, Կոնվենցիան պարտավորեցնում է մասնակից պետություններին ձեռնարկել օրենսդրական և այլ բնույթի անհրաժեշտ բոլոր միջոցները զուգընկերներին՝ նաև միասեռականներին, գենդերային բաղադրիչի՝ գենդերային ինքնության հիմքով ապաստան, ներառյալ փախստականի կարգավիճակ տալու ընթացակարգերի ստեղծման համար։

Այլ կերպ ասած, Կոնվենցիայի վավերացմամբ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է ապաստան և փախստականի կարգավիճակ տալ արտերկրից Հայաստան ժամանած հազարավոր միասեռական զույգերին, սեռափոխ անձանց և այլ գենդերային ինքնություն ունեցող անձանց համար։