«Ռոսօբորոնոէքսպորտ» ընկերության հետ քննարկվել է ռազմական նշանակության արտադրանքի ձեռքբերման ընթացքը

Մայիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ռուսաստանյան «Ռոսօբորոնոէքսպորտ» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացրել է ՀՀ ՊՄ լրատվական ծառայությունը, հանդիպման նպատակն էր քննարկել Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված արտահանման վարկի, ինչպես նաև միջպետական այլ պայմանագրերով ռազմական նշանակության արտադրանքի ձեռքբերման ընթացքը:

Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել ՀՀ զինված ուժերի կարիքների համար ձեռք բերվող սպառազինության, ռազմական տեխնիկայի և ռազմատեխնիկական միջոցների մատակարարման, ՀՀ ԶՈւ սպառազինության մեջ գտնվող արտադրատեսակների արդիականացման գործընթացի շուրջ: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել ս.թ. հունիսի 3-ից 7-ը Երևանում կայանալիք հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործության 14-րդ միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգի և քննարկվելիք հարցերի շրջանակի վերաբերյալ: