Ներկաներին ատող նախորդները կամ նորելուկները ցանկանում են իշխանական աթոռներն ազատել, որպեսզի իրենք զբաղեցնեն

Չորս տարի առաջ հնչած և ավաղ՝ անտեսված կոչ: Որովհետև կյանքն ապացուցեց, որ չկա ազգ՝ կա ժողովուրդ: Չկա ժողովուրդ՝ կա ամբոխ: Չկա ամբոխ՝ կա խուժան: Այն պահն է, երբ հրամայական է դառնում ազգի արթնացումը:

Ա Զ Գ Ա Զ Տ ՈՒ Մ

Իշխանափոխության, հեղափոխության մասին խոսակցությունները ներհակ մտորումներ են առաջացնում: Այսպես եմ պատկերացնում. ներկաներին ատող նախորդները կամ նորելուկները ցանկանում են իշխանական աթոռներն ազատել, որպեսզի իրենք զբաղեցնեն:

Արդեն երկու իշխանափոխություն տեսել ենք՝ կոմունիստների տեղը գրավեց ՀՀՇ-ն, որն ավելի կատարելագործեց կաշառակերության ու թալանի մեքենան՝ գումարած անխելքության պատճառով հրահրված («Կոլցո») պատերազմն ու հակազգային լպիրշությունը:

Այնուհետև իշխանության եկան ազգային ուժերը, որոնք ազգային են միայն գեղեցկախոսությամբ, իսկ իրականում կոմունիստների ու հհշականների նման հարստանում են, պետական համակարգը վերածում ընտանեկան-ընկերային զրահամեքենայի: Ճիշտ է՝ կարեցածին չափ հոգում են նաև սահմանների պաշտպանությունն ու ընկերային հիմնական խնդիրները: Փառք Աստծո:

Հիմա նախապատրաստում են երրորդ իշխանափոխությունը, որը թուրքավարի կոչել են «100-ամյակ առանց ռեժիմի»: Սա ընդհանրապես արժանի չէ հիշատակության, քանի որ ռեժիմ ասելով ոչ թե նկատի ունեն Անկարան ու Բաքուն, այլ հայության միակ պատվար Հայաստանի Հանրապետությունը: Իհարկե, մենք կուզենայինք, որ այս պատվարն անթերի լիներ, բայց առայժմ սա է ու բոլորս պետք է ամեն գնով պաշտպանենք, կանխենք հայ զինվորների ամենօրյա դարձած նահատակությունները:

Հարց կտաք՝ ուրեմն մեզ իշխանափոխություն, հեղափոխություն պետք չե՞ն:

Պետք չեն:

Մեզ պետք է բացարձակապես այլ գործողություն՝ ԱԶԳԱԶՏՈՒՄ:

Երբ մեր հավաքական միակամությամբ նպատակին հասցնենք ապրիլի 24-ի սգատոնը, այսինքն ցույց տանք, որ իբրև ազգ կանք ու անպարտելի ենք և աշխարհն էլ հարգանքով է լցված մեր հանդեպ, պետք է մտածենք ազգազտման գործընթաց սկսելու մասին:

Անհատների ազգ լինելով՝ բնականաբար յուրաքանչյուրն այս երևույթի մասին իր պատկերացումն ունի: Սակայն դրանք գումարելով՝ կարող ենք գտնել մի ընդունելի և իրագործելի տարբերակ:

Աթոռներ ու անուններ փոխատեղելով Հայաստանը չի զարգանա: Կզարգանա միայն այն ժամանակ, երբ համակարգային փոփոխություն ասելով չեն հասկանա նախագահի ընտրության ձևը, կհասկանան, որ իշխանության մեջ լինելով՝ չեն հարստանալու, ցանկացած քայլի համար պատասխան են տալու, սխալ քայլի համար՝ պատժվելու են:

Որ ընդդիմադիրը նա չէ, ով ամեն ինչին դեմ է, այլ նա, ով ամեն ինչի մասին մտահոգվում է գործնական առաջարկներ ներկայացնելով ու բարության օրինակներ տալով:

Որ պետության ներսում չկան դրսից հովանավորվող և վարձատրվող կազմակերպություններ ու անհատներ: Սա ընդհանրապես պետք է բացառվի, քանի որ շրջապատված ենք ատամները սրած, քինախնդիր հարևաններով ու չկամներով, որոնք միայն մեր վերջն են երազում ու պատրաստ են ներսի տականքի հետ ամեն կարգի գործարք կնքել:

Համակարգային փոփոխությունը պետք է հանգեցնի հայ գիտնականների մտքի շողարձակմանը՝ մենք կարող ենք և պարտավոր ենք պաշտպանական այնպիսի միջոցներ ստեղծել, որ թշնամական ցանկացած գնդակ ու արկ բումերանգի վերածվի և կործանի հենց արձակողին:

Ազգազտման մի քանի գործողություն ևս, և ոչ մի հեղափոխություն մեզ պետք չի լինի՝ ջուրն իր հունը կգտնի, խուփը՝ իր պուտուկը:

Լրագրող, հրապարակախոս Հրաչուհի Փալանդուզյանի ֆեյսբուքյան էջից