ՊՆ-ի և «Բարձունք 5165»-ի համագործակցության հնարավորությունները

Մայիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Բարձունք 5165» ֆրանսահայ բարեգործական կազմակերպության ներկայացուցիչներին՝ Հայաստանում կազմակերպության նախագահ Հովսեփ Հովսեփյանի և Ֆրանսիայում կազմակերպության նախագահ Ռոբերտ Ազիլազյանի գլխավորությամբ։

ՀՀ ՊՆ լրատվական ծառայության տեղեկացմամբ, պաշտպանության նախարարը շնորհավորել է հյուրերին Հանրապետության տոնի և «Բարձունք 5165» կազմակերպության 30-ամյակի կապակցությամբ, շնորհակալություն հայտնել բազմամյա հայրենանվեր գործունեության համար։ Դավիթ Տոնոյանը հատկապես կարևորել և բարձր է գնահատել Արցախյան ազատամարտի ընթացքում կազմակերպության աջակցությունը, ինչպես նաև զոհվածների և անհայտ կորածների ընտանիքներին, հաշմանդամներին ու ազատամարտի վետերաններին ցուցաբերվող շարունակական աջակցությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Բարձունք 5165» ֆրանսահայ բարեգործական կազմակերպության գործունեության ծրագրերը և պաշտպանության նախարարության հետ համագործակցության հնարավորությունները։