ՀՀ վարչապետի հրամանով Հայաստանի դատարանների ելքերն ու մուտքերն արգելափակելու գործողությունները աբսուրդի ժանրից են․ Յեժի Մարեկ Նովակովսկի

Հայաստանում Լեհաստանի նախկին դեսպան Յեժի Մարեկ Նովակովսկին զարմացած է Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններից: Այս մասին առանձին հրապարակման մեջ գրել է Aravot.am լրատվականը։ Խոսքը դատարանների ելքերն ու մուտքերը փակելու`ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչի մասին է: Դեսպանի կարծիքով, Նիկոլ Փաշինյանը դեռ չի հասկացել պետության ղեկավարի և հեղափոխության ղեկավարի տարբերությունը:

Դեսպանն աբսուրդի ժանրից է համարել ՀՀ վարչապետի հրամանով Հայաստանի դատարանների ելքերն ու մուտքերն արգելափակելու գործողությունները։ Ըստ նրա՝ դատաիրավական բարեփոխումների մասին նախաձեռնությունները արագ առաջ եկան Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելուց հետո: Դեսպանը կողմ է դատական համակարգի առողջացմանը, բայց այդ ամենն այլ կերպ չի կարող բնութագրել, քան գործադիր իշխանության կողմից դատական իշխանությանն իրեն հնազանդեցնելու փորձ:

Յեժի Մարեկ Նովակովսկին առհասարակ չի հասկանում, թե ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի համար թիվ մեկ խնդիրը դարձավ Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին և մյուսներին «նստեցնելը», մինչդեռ նրանից սպասվում էին կոռուպցիայի դեմ իրական պայքար և համակարգային փոփոխություններ: Այս մասին դեսպանն ասել է հայաստանցի լրագրողների հետ Լեհաստանի Արևելյան Եվրոպայի ուսումնասիրությունների կենտրոնում կայացած հանդիպման ժամանակ: Հայաստանցի լրագրողները Վարշավա են մեկնել Լեհաստանի արտաքին գործերի նախարարության և ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատան հրավերով: Դեսպանը մտավախություններ ունի, որ Նիկոլ Փաշինյանին տրված հանրային վստահության պաշարը շատ արագ կարող է մսխվել: Ի դեպ, ստեղծված իրավիճակում, ըստ Յեժի Մարեկ Նովակովսկու, Հայաստանը հայտնվել է ավելի ծանր վիճակում, քան կար, մանավանդ, ներդրումների մասով: Դեսպանի տեղեկություններով, Հայաստանում 2014 թվականից գործող «Լյուբավա-Արմենիա» հայ-լեհական առաջին համատեղ ռազմարդյունաբերական ձեռնարկությունը, չի բացառվում, որ լքի Հայաստանը: Այդ մասին դեսպանն իմացել է մասնավոր զրույցում եւ շատ փակագծեր չի բացում:

Ընկերությունը զբաղվում է բազմաֆունկցիոնալ քողարկման արդի տեխնոլոգիաների արտադրությամբ` թողարկելով ռազմատեխնիկական նշանակության արտադրատեսակներ`կեղծ թիրախներ, տեխնիկական եւ այլ վրաններ, սաղավարտներ, զրահաբաճկոններ, քողարկող ցանցեր եւ այլն: 2017-ին հայտնի դարձավ, որ ձեռնարկությունը 1,7 մլն դոլարի հանդերձանք/սարքավորում է արտադրում ՀՀ զինուժի համար։