Հանուն հայրենիքի, մեր ինքնության ու պետականության համար պայքարած խրոխտ հայորդիների սխրանքը պատգամ է յուրաքանչյուրիս․ Կաթողիկոսի ուղերձը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում հայրենաբնակ և աշխարհասփյուռ մեր ժողովրդին՝ Հանրապետության օրվա առիթով: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը այսպես է սկսել Հանրապետության տոնի առթիվ արված իր շնորհավորական ուղերձը։ Ուղերձում մասնավորապես նշված է․ «Հայաստանի առաջին Հանրապետության հռչակումը իրականություն դարձավ մայիսյան հերոսամարտերում մեր հայրերի քաջագործություններով: Նրանց փառապանծ հաղթանակը դարձավ հիմքը մեր անկախ պետականության վերահաստատման, որը դարավոր երազանքն էր մեր ժողովրդի:

Հանուն հայրենիքի, մեր ինքնության ու պետականության համար պայքարած խրոխտ հայորդիների սխրանքը, ազգի ու մեր սրբությունների հանդեպ սիրո և հավատարմության վկայությունը պատգամ է յուրաքանչյուրիս՝ լինելու արժանավոր ու նվիրյալ զավակը ազգի և հայրենյաց: Սիրելիներ, այսօր էլ նույն ոգով, միասնականությամբ կարող պիտի լինենք պահպանել մեր անկախ պետականությունը, Հայաստանում և Արցախում մեր ձեռքբերումները՝ վաղվա օրվա լավատեսությամբ շարունակելով զարգացող երկիր կառուցել և կերտել շեն ու լուսավոր մեր ապագան»,–ասված է Վեհափառի ուղերձում:

Նա իր աղոթքն է հղում, որ երկնավոր Տերը զորացնի և անսասան պահի հայրենի մեր պետականությունն ու օգնական լինի աշխարհասփյուռ մեր ժողովրդին՝ արգասավորելով ի սեր հայրենյաց բոլորիս ջանքերն ու իրագործումները:

1918 թվականի մայիսի 28-ին մայիսյան հերոսամարտներից` Սարդարապատից, Բաշ-Ապարանից, Ղարաքիլիսայից հետո ծնունդ առավ Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Հայ ժողովուրդը կարողացավ 543 տարի անց վերականգնել պետականությունը: Մայիսի 28-ին Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդն ընդունեց հռչակագիր, որում ասված է. «Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով եւ Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դրության հանդեպ Հայոց ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն եւ միակ իշխանություն»: