Փաշինյան, ախր մեկը լինի՝ ձեզ վեթինգի ենթարկի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ս. թ. մայիսի 20-ին, ինչպես հայտնի է,  հայտարարեց, որ եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը, և այդ գործընթացը պետք է արտահայտվի հետևյալում.

«Առաջին` Հայաստանում գործող բոլոր դատավորները, առանց բացառության, պետք է ենթարկվեն, այսպես ասած, վեթինգի, այսինքն` հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում և նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական և պրոֆեսիոնալ հատկանիշների մասին»:

Նախ, սկսենք նրանից, թե ինչ է վեթինգը, որպեսզի ոմանք սխալմամբ չկարծեն, թե այն վերաբերվում է միայն դատավորներին, կիրառելի է միմիայն նրանց նկատմամբ: Մեջբերում Վիքիպեդիայից (Ազատ հանրագիտարանից).

«Վեթինգ (անգլ.՝ Vetting), որևէ անձի կենսագրական տվյալների ստուգման գործընթաց, ինչը նախորդում է անձին աշխատանք առաջարկելուն, մրցանակ շնորհելուն կամ նրա նկատմամբ որոշում կայացնելուն։ Տեղեկություններ հավաքելու հետ մեկտեղ ստուգվում են անձանց ակտիվներն [Ն 1] ու եկամուտները՝ որոշելու համար դրանց օրինականությունը [1]»։

ՀՀ վարչապետի հայտարարածը մեր հասարակության՝ հիմնականում նրա գործունեությամբ դեռ հիացած, Փաշինյանի անձը դեռ պաշտող, ինչպես նաև զոմբիացած հատվածին կարող է թվալ հրաշալի գաղափար: Իրոք, ի՞ նչ վատ բան կա ասվածում, չէ՞ որ նախորդ իշխանությունների օրոք դատավորների ու ՀՀ դատական համակարգի վերաբերյալ հանրային միջավայրում, ԶԼՄ-ներում, մինչև իսկ իշխանական շրջանակներում արդարացի դժգոհություններ, քննադատություններ, որոշակի մեղադրանքներ շատ են եղել: Բազմիցս խոսվել է այդ համակարգում կոռուպցիայի ոչ թե սոսկ առկայության, այլ մեծ տարածվածության, ինչպես նաև այն մասին, որ դրա հետևանքով հաճախ արդարադատություն չի իրականացվում: Ոմանք գուցե հիշեն, որ տարիներ առաջ մի ներկայացուցչական հավաքում նույնիսկ երկրի այն ժամանակվա ղեկավար Սերժ Սարգսյանը շատ խիստ արտահայտվեց դատարանների աշխատանքի, ՀՀ դատական համակարգի վերաբերյալ, կոռուպցիայի առումով քննադատեց նշված համակարգը, սակայն հետո, ցավոք, հետևողական չեղավ:

Անշուշտ, անձնապես կողջունեի Փաշինյանի կայացրած այս որոշումը, եթե նրա նպատակն ազնիվ լիներ, ունենար ոչ թե դատավորների ու ՀՀ դատական համակարգի վրա ճնշում գործադրելու, նախորդ իշխանությունների նկատմամբ քաղաքական հաշվեհարդարի, այլ իսկապես կոռուպցիայի դեմ պայքարի նպատակ: Բնականաբար, հարց է առաջանում՝ ՀՀ վարչապետն այդ ինչո՞ւ հենց հիմա որոշեց ու մայիսի 20-ին ի լուր ողջ հայության հայտնեց, որ «եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը»: Իսկ ի՞նչ է՝ մեկ տարի կամ 1-2 ամիս առաջ այդ ժամանակը չէ՞ր եկել, Փաշինյանն ինչո՞վ կարող է հիմնավորել, որ դրա պահը հենց հիմա հասունացավ, դրա համար էլ ինքը որոշեց այդ մասին հիմա հայտարարել: Ոչնչո՛վ չի կարող հիմնավորել:

Միաժամանակ ակնհայտ է, անժխտելի փաստ, որ ՀՀ վարչապետը ՀՀ դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակի գալու մասին հայտարարեց անմիջապես այն բանից հետո, երբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը դատաքննող Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը հանդգնեց Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 147-րդ և 145-րդ հոդվածների համաձայն, միանգամայն օրինականորեն փոխարինեց Արցախի ներկա ու նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ, ինչպես նաև ժամանակավորապես կասեցնելով քրեական գործի վարույթը, դիմեց ՀՀ Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանը ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի («Սահմանադրական կարգը տապալելը») համապատասխանության հարցը պարզելու խնդրով:

Վերոնշյալ իրողությունների գրեթե համաժամանակյա լինելը հիմք է տալիս եզրակացնելու, որ Փաշինյանը դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու մեկնարկն ազդարարելով, դրանով իսկ ճնշում է գործադրում կամ փորձում է գործադրել հատկապես դատավոր Դավիթ Գրիգորյանի, ՀՀ Վերաքննիչ ու Վճռաբեկ դատարանների, ինչո՞ւ ոչ, նաև ՀՀ ողջ դատական համակարգի վրա: Այսինքն՝ փորձում է ահաբեկել դատավորներին՝ բոլորին  հասկացնելով, թե նրանցից յուրաքանչյուրին ինչ կարող է սպասել, եթե Ռոբերտ Քոչարյանի և, ընդհանրապես, նախկին իշխանավորների (չմոռանանք նշել՝ բացառությամբ Լևոն Տեր-Պետրոսյանի և առաջին նախագահի մի շարք թիմակիցների) առնչությամբ կայացնեն իր համար անհաճո դատական ակտեր:

Ոմանք գուցե առարկեն՝ ասելով, թե վերոնշյալ համընկնումը պատահական է ու դեռ չի ապացուցում, որ Փաշինյանը հայտարարելով, որ եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը, Հայաստանում գործող բոլոր դատավորները, առանց բացառության, պետք է վեթինգի ենթարկվեն և այլն, դրանով ճնշում է գործադրում կամ փորձում է ճնշում գործադրել դատավոր Դավիթ Գրիգորյանի, ՀՀ Վերաքննիչ ու Վճռաբեկ դատարանների, ինչպես նաև ՀՀ ողջ դատական համակարգի նկատմամբ՝ նրանցից նախկին իշխանությունների առնչությամբ իր ուզած դատական ակտերը կորզելու նպատակով:

Անձամբ ես չեմ հավատում այդ համընկնման պատահականությունը ու չեմ հավատա գոնե այնքան ժամանակ, քանի դեռ Փաշինյանը հստակ պատասխան չի տվել, թե դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակն ինչո՞ւ չէր եկել մեկ տարի կամ 1-2 ամիս առաջ, քանի դեռ չի հիմնավորել, որ դրա պահը հենց հիմա հասունացավ: Բայց խնդիրը միայն վերոնշյալ հանընկնման ոչ պատահական լինելը չէ, միայն դա չէ այս հոդվածի հիմքում դրված փաստարկը:

Եթե ՀՀ վարչապետի նպատակն ազնիվ է, այսինքն՝ կոռուպցիայի դեմ պայքարը (ներառյալ՝ քաղաքական կոռուպցիայի), և ոչ թե՝ դատավորների ու ՀՀ դատական համակարգի վրա ճնշում գործադրելով, նրանցից իր ուզած որոշումները կորզելով, նախորդ իշխանությունների նկատմամբ քաղաքական հաշվեհարդարը, ապա թող դատավորների վեթինգից բացի, միաժամանակ հայտարարեր, որ Հայաստանում գործող բոլոր դատախազները՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից սկսած, բոլոր քննիչները՝ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանից սկսած, ՀՀ ոստիկանության ղեկավար և առնվազն բարձրաստիճան սպայական կազմը պետք է, առանց բացառության, ենթարկվեն վեթինգի: Ինչո՞ւ չհայտարարեց դա, ի՞նչ է՝ Հայաստանի միայն դատական համակարգո՞ւմ կա կոռուպցիա, իրավական կամ իրավապահ համակարգում չկա՞… Միայն դատավորների՞ քաղաքական կապերը պարզելու անհրաժեշտություն կա (ի դեպ, ոչ միայն դատարանները, վերոնշյալ իրավապահ մարմիններն էլ, ՀՀ օրենսդրության համաձայն, պետք է լինեն ապաքաղաքական), միայն դատական համակա՞րգն է, որ չի վայելում հանրության վստահությունը, և ո՞վ է այն համարձակը, որը կհանդգնի դա պնդել: Ի դեպ, սպասում եմ այդ համարձակի պնդմանը, որպեսզի դրանից հետո իր առջև դնեմ իր կամ իր համակարգի հայելին…

Եթե ՀՀ վարչապետն ազնիվ է, նպատակը կոռուպցիայի դեմ պայքարն է և երկրում հասարակության վստահությունը վայելող դատական համակարգ ունենալը, ապա այդպիսի համակարգ ոչ միայն դատականը, այլև վերը թվարկվածները պետք է լինեն: Բացի այդ, ՀՀ կառավարությունն այլևս չունի հանրության այն վստահությունը, որն ուներ նախկինում, ունեցած վստահությունն էլ արագորեն կորցնում է (եթե չգիտի այս մասին, թող իմանա), հետևաբար Փաշինյանը թող օրինակ ծառայելով, հայտարարի, որ առաջինն ինքն է ենթակա վեթինգի, այդ «վեթինգ» կոչվածն առաջինն իրենից է սկսվելու, և ոչ միայն ինքը, այլև ՀՀ կառավարության անդամները, առանց բացառության, պետք է ենթարկվեն վեթինգի: Բայց Փաշինյանը դժվար թե այդպիսի համարձակություն ունենա ու նման բան հայտարարի, որովհետև այդ դեպքում կարող է բացահայտվեն հայության շահերին հակոտնյա իր և այլոց քաղաքական կապերը, օրինակ, Արևմուտքի ինչ-ինչ շրջանակների հետ, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ կապերը, կարծում ենք, առանց վեթինգ-մեթինգի էլ հանրության գոնե մեծամասնության համար բացահայտված են:

Ընդ որում, դատախազների, քննիչների, բարձրաստիճան ոստիկանների պարագայում խնդիրը ոչ միայն նրանց գույքային վիճակն ու եկամուտները, նախկինում կամ ներկայում կոռումպացված լինել-չլինելու հանգամանքը, այլ նաև իշխանությունների հետ քաղաքական կապերը, Սորոսի հիմնադրամի հայաստանյան կառույցի, «Ռեմա», «Կյանքի խոսք» աղանդավորական կազմակերպությունների հետ, մեղմ ասած, կասկածելի կապերը ստուգելու անհրաժեշտությունն է: Նույնը վերաբերվում է նաև ներկայիս գործադիր և օրենսդիր իշխանությունների բարձրաստիճան պաշտոնյաներին, իհարկե, բացառությամբ միմյանց հետ քաղաքական կապերի:

 

Արթուր Հովհաննիսյան