«Ադեկվադ» ՀԿ-ը հայտարարություն է տարածել՝ կուսակցություն դառնալու մասին
Հայաստանի Հանրապետությունը կանգնած է լրջագույն գոյաբանական արտաքին ու ներքին, տնտեսական, քաղաքական, ռազմական, սոցիալական, իրավական, քաղաքակրթական մարտահրավերների և խնդիրների առջև: Այդ խնդիրներն օրեցօր խորանում են ներկայիս քաղաքական համակարգի և այդ համակարգի առանձին վերցրած գործոնների ու կառույցների հանցավոր անգործության և վերոհիշյալ մարտահրավերներին ադեկվատ արձագանք տալու անկարողության պատճառով:
Ութ միլիարդանոց այս մոլորակի վրա մենք փոքրամասնություն ենք, բայց չկա հարմարվող փոքրամասնություն: Հարմարվողը ձուլվում է մեծամասնությանն ու անհետանում: Փոքրամասնությունը պետք է լինի գերակայող, կամ չլինել առհասարակ: Մենք, ըստ այդմ, դատապարտված ենք կատարելագործվելու, լինենու ամենից լավ և բարձրանալու ամենից վեր:
Այս իրապես համամարդկային առաքելությունն ստանձնելու համար մեզ անհրաժեշտ է կերտել անառիկ ամրոց հանդիսացող ազգային պետություն: Պետություն, որը կկարողանա ապահովել՝
- մարտունակ բազմաշերտ պաշտպանիչ ենթակառուցվածքներ,
- դրական ժողովրդագրական դինամիկա,
- պատշաճ կրթություն իր քաղաքացիների համար,
- վստահելի դաշնակցային հարաբերություններ այն արտաքին դերակատարների հետ, որոնց հետ մեր պետությունն ունի շահերի բնական ընդհանրություն:
Վերոհիշյալ մարտավարական գերակայություններին հասնելու նպատակով անհրաժեշտ է ձեռնարկել բարեփոխումների լայնածավալ ծրագրեր պետականությանն առնչվող բոլոր ոլորտներում։ Այդ ծրագրերին առավել մանրամասն անդրադարձ է կատարվել մեր Մանիֆեստում: (https://www.facebook.com/adekvadism/posts/2300016786923787):
Դրված խնդիրներն արդյունավետ և համապարփակ լուծելու համար անհրաժեշտ է լայն գործիքակազմ: Հաշվի առնելով ներկայիս քաղաքական համակարգի սնանկությունը` օրհասական ենք համարում նախաձեռնել սեփական քաղաքական միավորի ստեղծումը: Միավոր, որը կառաջարկի համարժեք լուծումներ ու հնարավորություն դիմակայել առկա վտանգներին:
Մենք գիտակցում ենք, որ ինչպես նախկինում, այնպես ապագայում մեզ փորձելու են վարկաբեկել, խոչընդոտել, լռեցնել բոլոր հնարավոր օրինական և ապօրինի միջոցներով, քանի որ պետությունը թուլացնող, պառակտող և բարոյազրկող բոլոր ուժերը վտանգ են տեսնում մեր գաղափարական հայացքները կրող անձանց մեջ:
Եթե պետականությանը սպառնացող նկարագրված վտանգները ձեզ համար էլ են ակնառու, եթե դուք նույնպես գիտակցում եք ներկայիս զարգացումներից անմասն չմնալու պատասխանատվության կարևորությունը, ապա դուք մեզնից մեկն եք և այսուհետ ի դեմս մեզ ներկայացված կլինեք քաղաքական կյանքում: Մենք ձեր ձայնն ենք, դուք՝ մեր հենարանը: Միացեք «Ադեկվադ» կուսակցությանը:
«Ադեկվադ» կուսակցության նախաձեռնող խմբի անդամներ՝
Ազատ Ադամյան
Արթուր Դանիելյան
Գրիգոր Մինասյան
Լիլիթ Թումանյան
Կոնստանտին Տեր-Նակալյան
Սամվել Թադևոսյան
«Ադեկվադ»-ի ֆեյսբուքյան էջից