Արցախում նշվում է Լրագրողի մասնագիտական օրը

Այսօր՝ մայիսի 23-ին, Արցախի մեր գործընկերները նշում են Լրագրողի մասնագիտական օրը: 135 տարի առաջ այս օրը Արցախում  լույս է տեսել առաջին պարբերականը։

Տոնի կապակցությամբ Չորրորդ իշխանության ներկայացուցիչները Արցախի ժուռնալիստների միությունում կազմակերպել են կլոր սեղան-քննարկում:

«Արցախպրես»ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը միության նախագահ Կիմ Գաբրիելյանը շնորհավորել է բոլոր լրագրողներին՝ ընդգծելով, որ լրագրողի մասնագիտական օրը նաև միասնության և համերաշխության խորհուրդ ունի:

Նրա խոսքով՝ Լրագրողի օրը նշելու գաղափարը ծնվել է  ուղիղ 10-ը տարի առաջ, երբ հենց այս օրը լրագրողները կազմակերպեցին կլոր սեղան՝ Արցախում առաջին պարբերականի լույսընծայման 135-ամյակի առթիվ: Հենց այդ ժամանակ էլ գաղափար ծնվեց մայիսի 23-ը հռչակել որպես լրագրողների մասնագիտական տոն օր, ինչն էլ հետագայում ամրագրվեց ԱՀ կառավարության որոշմամբ:

Այնուհետև միության նախագահը Ասկերանի շրջանային «Բերդ» պաշտոնաթերթի խմբագիր Վալերի Պետրոսյանին է հանձնել ԱՀ Վաստակավոր լրագրողի պատվավոր կոչումը հաստատող հավաստագիր, որին վերջինս արժանացել է մայիսի 4-ի Հանրապետության նախագահի հրամանագրով:

Հանդիպմանը ներկա ԱԺ պատգամավոր, լրագրող Վարդգես Բաղրյանը նշել է, որ Չորրորդ իշխանությունը միշտ պետք է լինի իր բարձրության վրա:

«Եթե չլինի այդպիսին, կարող են լինել ոտնձգություններ,- մանրամասնել է Վ. Բաղրյանը:- Որպես չորրորդ իշխանություն՝ լրագրողները հենց նրա համար են, որպեսզի բարձրացնեն հասարակության մեջ առկա բոլոր հարցերը ոչ միայն պարզապես քննադատելու նպատակով, այլև այդ քննադատությունը պիտի լինի կառուցողական: Պետք է հոգեպես տառապելով քննադատենք, որպեսզի երկիրը ավելի լավը լինի: Ինչ վերաբերում է տիրող իրավիճակին, ապա նշեմ, որ մեր շուրջը տեղի ունեցողին հարիր պետք է կատարել մեր աշխատանքը: Եթե որևէ քաղաքական գործիչ փորձում է  խուսափել խոսափողից, լրագրողը պարտավոր է ելք գտնել, քանի որ սա է մասնագիտության ամբողջ բովանդակությունը»:

«Արցախպրես» լրատվական գործակալության տնօրեն Վահրամ Պողոսյանը շնորհավորել է բոլորին լրագրողի մասնագիտական տոնի կապակցությամբ:

Անդրադառնալով գործակալության հնգամյա տարեդարձին՝ Վ. Պողոսյանն ասել է, որ այս տարիների աշխատանքը, իհարկե, երկար ճանապարհ չէ, սակայն այն, որ բովանդակալից էր և հաղթահարել են մեծ դժվարություններ, ակնհայտ է:

«Համոզված եմ, որ ստեղծված մեր իրականության մեջ ունենք մեծ անելիք: Կարծում եմ՝ այսօր լրատվամիջոցում բացակայում է  մտավորականության խոսքը, և հենց այդ բացի պատճառով է քաղաքական դաշտի լարվածությունն ավելացել՝ հանրային մթնոլորտում բերելով որոշակի անհանգստությունների: Ակնհայտ է, որ ունենք մեծ անելիքներ»,- ավելացրել է գործակալության տնօրենը:

Հանդիպմանը տեղի է ունեցել ակտիվ քննարկում, որի ընթացքում լրատվամիջոցների պատասխանատուները համերաշխության, անկախ իրավիճակից ստեղծված պայմաններում իրենց բարձրության վրա գտնվելու և կայունություն պահպանելու կոչ են արել: