Այսօրվա հանրահավաքը նախազգուշական դեղին քարտ է իշխանություններին

Հայ Յեղափոխական Դաշնակցությունն այսօր երեկոյան Ազատության հրապարակում կանցկացնի հանրահավաք՝ երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերի վերաբերյալ իր մոտեցումներն ու տեսակետները ներկայացնելու նպատակով։

ՀՅԴ էկոնոմիկայի և ֆինանսների հանձնախմբի նախագահ Արմեն Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հանրահավաքի ժամանակ հրապարակային գնահատականներ կտրվեն թավշյա հեղափոխությունից հետո երկրում տեղի ունեցած իրողություններին և որոշ շեշտադրումներ կարվեն ՀՅԴ-ի առաջիկա անելիքների հետ կապված։

«Այսօր մինչև հանրահավաքը որոշել ենք շատ չբացել փակագծերը մեր անելիքների հետ կապված։ Խմբակցությունում մտահոգություններ կան, որոնց մասին մենք մեր տեսակետները բազմիցս հայտնել ենք հեղափոխությունից հետո կատարված երևույթների, իրողությունների մասին,- ասաց ՀՅԴ ներկայացուցիչը։ -Հանրահավաքն առաջին քայլն է մեր կողմից նախատեսված միջոցառումների»։

Հարցին, թե հանրահավաքի ժամանակ հատկապես որ խնդիրներ վրա է շեշտադրում արվելու, Արմեն Գրիգորյանն ասաց, որ առաջնայինը մեր երկրի առջև ծառացած պատերազմի մարտահրավերն է․ «Սահմանին հակառակորդը պարբերաբար զորավարժություններ է անում, մեր թշնամու ախորժակն ավելի է բացվում՝ Հայաստանում ունեցած հավակնությունների առումով։ Մեր իշխանության ներկայացուցիչները դա շատ լավ հասկանում են, բայց պետք է նաև համարժեք քայլեր ձեռնարկվեն դրան ընդդիմանալու համար»։

Խոսելով երկրի ներքին խնդիրների մասին՝ նա ասաց, որ մեր հանրությունը երկրում տեղի ունեցող գործընթացներին պետք է կարողանա ադեկվատ գնահատական տալ և հասկանալ, թե արտաքին մարտահրավերների պայմաններում իշխանության շատ քայլեր ինչ վտանգավոր հետևանքներով կարող են հղի լինել։ Ուստի հանրությունը պետք է հավասարակշռողի դերում լինի։

ՀՅԴ-ի համար մտահոգիչ է նաև հասարակության պառակտումը, որը, Արմեն Գրիգորյանի կարծիքով կառավարության քաղաքական թիրախներից մեկն է․ «Ամեն ինչ սկսվեց քաղաքապետի ընտրությունների ժամանակ, երբ հասարակությանը բաժանեցին սևերի ու սպիտակների, և հետագայում հաստատվեց, որ դա ներքին քաղաքական կուրս է, հետևաբար միտումնավոր է։ Դա շատ ցավալի է»։

ՀՅԴ էկոնոմիկայի և ֆինանսների հանձնախմբի նախագահը նաև նշեց, որ այսօրվա հանրահավաքը նախազգուշական դեղին քարտ է իշխանություններին, կառավարությանը, որոնք մեկ տարի անց չունենալով իրատեսական ծրագրեր առաջիկա անելիքների և երկրի ճակատագրի հետ կապված, շարունակում են նույն բարձիթողի քաղաքականությունը։

Հիշեցնենք, որ ՀՅԴ Գերագույն մարմնի տարածած հայտարարության մեջ նշված է․

«Վերջին օրերին երկրում ընթացող զարգացումները և, հատկապես, դատաիրավական համակարգի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտեցումները կրկին հանրային-պետական կյանքի ալեկոծման պատճառ են դարձել։

Այս կապակցությամբ հարկ ենք համարում կատարել հետևյալ արձանագրումները՝ տարբեր հարցերի վերաբերյալ իշխանությունների չկշռադատված, խնդրահարույց և տարակուսանքի տեղիք տվող որոշումներն, այլակարծության ագրեսիվ մերժումը թշնամանքի և անհանդուրժողականության մթնոլորտ են ստեղծում, ինչը ջլատում է մեր ժողովրդի հավաքական ներուժը։ Քաղաքական, հանրային դաշտում դավադիրներ և դավաճաններ փնտրելու մտասևեռումը հարվածի տակ է դնում մեր ազգային անվտանգությունը, համերաշխությունը, Հայաստան-Արցախ միասնությունն ու մեր պաշտպանական համակարգը։ Վերջին մեկ տարում երկրի քաղաքական իշխանությունն ուներ բավարար լեգիտիմություն, իսկ 2018թ. ԱԺ արտահերթ ընտրություններից հետո լիակատար հնարավորություն հանրային կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում` դատաիրավական համակարգում (դատարաններ, դատախազություն, քննչական մարմիններ, ոստիկանություն) սկսելու բոլորիս կողմից այդքան սպասվող բովանդակային և խորքային փոփոխությունները»։

ՀՅԴ Գերագույն մարմինը նաև նշում է՝ չիրացնելով գործող Սահմանադրությամբ և ՀՀ օրենսդրությամբ վարչապետին վերապահված լայն լիազորություններն ու պարտականությունները՝ Փաշինյանը որդեգրել է ժողովրդի գործոնը շահարկող մարտավարություն։

«Դեռևս մեխանիզմներով և բովանդակությամբ անորոշ անցումային արդարադատության նպատակների համար դատական իշխանության կազմաքանդումը վտանգում է մեր երկրի արդարադատության համակարգը»,- ասված է հայտարարությունում։

Իրավիճակը գնահատելով տագնապեցնող՝ հայտարարության մեջ արտախորհրդարանական խմբակցության ներկայացուցիչներն իրենց մտահոգությունն են հայտնում՝ «Սխալ ճանապարհով ճիշտ հանգրվանի չենք հասնի։

Ստեղծված իրավիճակի և հետևանքների ամբողջ պատասխանատվության հասցեատերը առաջին հերթին իշխանություններն են։ Այնուամենայնիվ, ոչ ոք իրավունք չունի դիտորդի կարգավիճակով փաստելու, թե ինչպես է մաշվում ու հյուծվում պետությունը, թե ինչպես է ոչ խոհեմ գործելաոճն ու քաղաքական վարքագիծը սասանում մեր պետականության հիմքերը։ Համախմբվելու և այս անհեռանկար ընթացքը կասեցնելու ժամանակն է»։

Դաշնակցությունը հայտնում է, որ նախաձեռնում է բոլոր կողմերի հետ քննարկել իրավիճակը լիցքաթափելու, պետականաշինության գործընթացը բնականոն հուն տեղափոխելու, ժողովրդի ակնկալած բարեփոխումներն իրականություն դարձնելու ուղիները։