Ընկերություններ կան, որոնք մասնագիտացված են միայն մրցույթում հաղթելու մեջ․ Նիկոլ Փաշինյանը ճանապարհաշինության խնդիրների մասին

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյան անդրադառնալով ճանապարհաշինությանը, նշեց, որ որակյալ նախագծեր ներկայացնող, ասֆալտապատման որակյալ աշխատանքներ իրականացնողների խնդիր կա․ «Մի լաբորատորիան ասում է՝ հարյուր տոկոս համապատասխանում է, մեկը ասում է՝ չի համապատասխանում»: Վարչապետը նկատեց, որ ընկերություններ կան, որոնք մասնագիտացված են մրցույթում հաղթելու մեջ, բայց ի վիճակի չեն այդ խնդիրները լուծել:

«35 միլիոն դոլար հատկացնում ենք ճանապարհաշինությանը և ամեն անգամ քննարկելիս սթրեսի մեջ ենք, որ կարողնալո՞ւ ենք այդ գումարը ծախսելով՝ ունենալ ճանապարհ,- ասաց Փաշինյանը։- Եվ ամեն անգամ մեզ դուխ ենք տալիս, որ կկարողանանք: Արդյունքում՝ «սև ցուցակի» ընկերությունների թիվն ավելանում է, «սպիտակ ցուցակի» ընկերությունների թիվը՝ այնքան էլ չէ»:

Վարչապետն իր խոսքում շեշտեց, որ ձգձգման պրակտիկային պետք է վերջ տալ: «Այս թատրոնը հերիք ա, որ հետ եք տալիս նախագիծը»,-ասաց նա և հավելեց, որ նախագիծը հետ ուղարկելիս ընկերությունները ոչ թե բարելավում են, այլ պարզապես մտածում են՝ ինչպես ներկայացնեն, որ անցնի:

Տրանսպորտի և կապի նախարար Հակոբ Արշակյանը նշեց, չափանիշները և պահանջները խստացրել են, և հստակ մեսիջներ են հղել։ Այդ լավատեսությունը, սակայն, վարչապետը չկիսեց։