Նախատեսվում է՝ զինծառայության ստաժում կրկնակի հաշվառել շփման գծում մարտական հերթապահության ժամանակահատվածը

Կառավարության այսօրվա նիստին ներկայացվեց «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Նախաձեռնությամբ նախատեսվում է՝ 2016 թվականի հունվարի 1-ից հետո կենսաթոշակ նշանակելիս` զինծառայության ստաժում կրկնակի չափով հաշվառել նաև հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության ժամանակահատվածը:

Կենսաթոշակը նշանակվում է.

  1. կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու, այդ թվում` կենսաթոշակի տարիքը լրանալու օրվանից, եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում.
  2. կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարելու օրվանից, եթե անձը կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարելու օրվա դրությամբ ունի այլ տեսակի կենսաթոշակի իրավունք և այդ տեսակի կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացրել է կենսաթոշակ ստանալու իր իրավունքը դադարելու օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում:

Հայաստանի Հանրապետության հետ համապատասխան համաձայնագիր կնքած պետությունից ստացված կենսաթոշակի գործի հիման վրա կենսաթոշակ նշանակելիս` նախկին օրենսդրությամբ հաշվարկված ստաժը պահպանվում է նույնությամբ, եթե գործող օրենսդրությամբ սահմանված չեն ստաժի հաշվարկման ավելի բարենպաստ պայմաններ, իսկ եթե նշանակվող կենսաթոշակի չափը ցածր է մինչև կենսաթոշակի գործը տեղափոխելը Հայաստանի Հանրապետությունում վճարված կենսաթոշակի չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով:

Նախագիծն ընդունվեց կառավարության կողմից։