Վարչապետի աշխատակազմում ՄԻԵԴ վճիռների հարցով նոր գրասենյակ կստեղծվի

Այսօր ՀՀ կառավարության նիստում ներկայացվեց նախագիծ, որով Արդարադատության նախարարությունն առաջարկում է ավելացնել ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի նոր պաշտոն, իսկ վարչապետի աշխատակազմում ՄԻԵԴ վճիռների հարցով մի ամբողջ գրասենյակ ստեղծել, քանի որ Եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության վերաբերյալ կայացված վճիռների քանակը տարեցտարի աճում է, և կառավարությունը չի հասցնում դրանց պատշաճ կարգով հետևել։

Որոշման նախագիծն արժանացավ գործադիր մարմնի հավանությանը։ Այն ընդունվեց առանց զեկուցման ու քննարկման և առաջիկայում կներկայացվի խորհրդարանի հաստատմանը։

2013 թվականին ՄԻԵԴ-ում ՀՀ նկատմամբ կայացվել է ընդամենը 2 վճիռ, 2014-ին` 4 վճիռ, 2015-ին` 8, 2016-ին`15, 2017-ին՝ 12, 2018-ին`16 վճիռ, իսկ 2019-ի միայն առաջին երեք ամիսներին արդեն իսկ հրապարակվել են 10 վճիռ:

«Քանակի հետ զուգահեռ բարդացել է նաև արձանագրվող խախտումների բնույթը: Հաշվի առնելով ՀՀ պետական համակարգի և օրենսդրական կարգավորման առանձնահատկությունները, ինչպես նաև ընթացող բարեփոխումների և օպտիմալացումների տրամաբանությունը` լավագույն լուծումը Եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի առանձին պաշտոն նախատեսելն է և ՀՀ վարչապետի աշխատակազմում Ներկայացուցչի գրասենյակ ստեղծելն է»,– նշված է նախագծի հիմնավորման մեջ։

Նախատեսվում է, որ բացի Եվրոպական դատարանում ՀՀ շահերը ներկայացնելուց, ներկայացուցիչը վճիռների վերլուծություն է կատարելու ու հանդես է գալու կանխարգելիչ օրենսդրական առաջարկներով։