Իրականում ինչ նպատակ է հետապնդում Փաշինյանի հակասահմանադրական քայլը

Հայաստանի դատական համակարգն արդարադատության առումով, իրոք, լուրջ խնդիրներ ունի, կոռուպցիան արմատավորված է այդ համակարգում, ինչի մասին մեկ անգամ չէ, որ գրել եմ: Խիստ կասկածում եմ, թե Փաշինյանը, որպես լրագրող, դատավորների, դատարանների, ՀՀ դատական համակարգի վերաբերյալ այնքան քննադատական ու փաստարկված հոդվածներ գրած լինի, որքան ես, բայց հիմա խնդիրը դա չէ:

Խնդիրն այն է, որ դատական համակարգում կոռուպցիայի դեմ պայքարելու և, ընդհանրապես, համակարգը բարելավելու օրենսդրական, հարկ եղած դեպքում նաև սահմանադրական հնարավորություններ կան, սակայն Փաշինյանը դրանք թողած, ընտրեց արդեն սակավաթիվ յուրայիններին ոտքի հանելով դատարանների մուտքերը շրջափակելու, դատարանների բնականոն գործունեությանը խոչընդոտելու հակասահմանադրական ճանապարհը:

Կառավարությունում իր երեկվա ելույթով Փաշինյանն անազնիվ դատավորներից պահանջեց հրաժարական տալ: Սա կատարման առումով այն աստիճան անլուրջ, անիրատեսական պահանջ է, որ նույնիսկ ծիծաղելի է: Հրապարակայնորեն հնչեցված այս պահանջից հետո ցանկացած դատավորի հրաժարական (նույնիսկ բոլորովին այլ պատճառով՝ առողջական, արտերկիր մեկնելու և այլն) հանրության կողմից ընկալվելու է այդ նույն դատավորի կողմից իր իսկ անազնիվ կամ կոռումպացված լինելու ինքնախոստովանություն: Դրանից հետո էլ ո՞ր դատավորը կգնա նման քայլի, կամ եթե նույնիսկ 1-2 բացառություններ եղան, դրանից ի՞նչ է փոխվում… Բնականաբար, հարց է առաջանում՝ ՀՀ վարչապետն այսքանը չի՞ գիտակցում, ինչպե՞ս կարող է չգիտակցել…

Եվ ի՞նչ է անելու Փաշինյանն այն բանից հետո, երբ դատավորները հրաժարական չեն տա (ի դեպ, նրանցից մեկը՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը, արդեն հայտարարել է, որ եթե վարչապետը հրաժարական տա, ինքն էլ հրաժարական կտա: Անշուշտ, շատ դիպուկ է ասել): Դատարանների մուտքերը շրջափակելու, ներսուդուրս անելն արգելելու մեկանգամյա միջոցառումը դարձնելու է բազմանգամյա՞, ամենօրյա՞, անընդմե՞ջ, անժամկե՞տ՝ մինչև դատավորները ստիպված լինեն հրաժարական տալ: Էլի ստիպված չեն լինի: Աշխատավայր իրենց մուտքի արգելման միանգամայն հիմնավոր պատճառով պարզապես աշխատանքի չեն գա, կնստեն իրենց տները և կստանան իրենց բարձր աշխատավարձերը, թեկուզ, հարկադիր պարապուրդի դիմաց:

Ի՞նչ է՝ Փաշինյանը կկարգադրի չվճարե՞լ նրանց… Շատ լավ, երբ դատավորները մի օր դատարան մտնելու հնարավորություն կունենան (իսկ շրջափակումը երևի նույնիսկ 1-2 ամիս չի կարող անընդմեջ շարունակվել), ավելի քան 200 դատավորներ զանգվածաբար դատի կտան ՀՀ վարչապետին, կառավարությանը կամ գանձապետարանին և շատ մոտ ապագայում դատը հաստատ կշահեն, ուշ թե շուտ, կստանան իրենց հասանելիք գումարը՝ բանկային տոկոսներն էլ հետը:

Եթե դատավորները մտածեն, որ ԴԱՀԿ ծառայությունը, վարչապետի ցուցումով, չի կատարելու դատարանների վճիռները կամ պատասխանող կողմն է հրաժարվելու ԴԱՀԿ ծառայության որոշումները կատարել, Վճռաբեկ դատարանում նախորդած դատարանի վճիռներն արհեստականորեն կբեկանեն և հայցվորների համար Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու հնարավորություն կստեղծեն: Եվ որևէ կասկած չկա, որ ՄԻԵԴ-ը դատավորների բողոքները բավարարող որոշումներ կընդունի և ՀՀ կառավարությանը կպարտավորեցնի հսկայական գումարներ վճարել նրանց:

Սակայն միայն վերը նշվածը չէ, որ տեղի կունենա: Դատավորները կամ նրանց մեծ մասը, քաղաքական ընդդիմությունը միաժամանակ հաճույքով կհետևեն, թե հասարակության մեջ վարչապետի գործունեությունից արդարացի բողոք ու զայրույթ ունեցողների թվաքանակն ինչպես է գնալով աճում, քանի որ դատարանների մուտքերի շրջափակման ու դատարանների աշխատանքի դադարեցման հետևանքով բազմահազար մարդիկ կտուժեն: Բացի այդ, ֆինանսապես կտուժի նաև պետությունը (բազմաթիվ բռնագանձումներ կմնան օդում կախված) և իր վճարային պարտավորությունները կատարելու դժվարություններ կունենա:

Չեմ կարծում, թե ՀՀ վարչապետն այս ամենը չի հաշվարկել, նկատի չի ունեցել ու չի հասկացել, որ դատարանների շրջափակման իր անհեռանկար նախաձեռնությամբ չի կարող է հասնել ոչ դատավորների հրաժարականի, ոչ դատական համակարգում կոռուպցիայի վերացման, դրա մակարդակի էական նվազման, կամ, ընդհանրապես, դատական համակարգի բարելավման, ոչ էլ հասարակության վստահությունը վայելող դատական համակարգի ձևավորման (եթե սխալվում եմ, այսինքն՝ Փաշինյանը չի հասկացել վերոնշյալը, ուրեմն շատ ավելի վատ նրա և այդպիսի ղեկավար ունեցող երկրի համար): Բնականաբար, հարց է առաջանում՝ այդ դեպքում, այսինքն՝ հասկանալով նույնիսկ իր հակասահմանադրական նախաձեռնության գնով դատարանների շրջափակման անպիտան, անհեռանկար լինելը մայիսի 20-ի իր ելույթում հայտարարված նպատակներին հասնելու առումով, վարչապետն ինչո՞ւ գնաց այդ քայլին… Տվյալ հարցին խոստացել էի անդրադառնալ թեմայի առնչությամբ իմ երեկվա՝ «Երբ երկրի ղեկավարն ինքն է սպառնում պետության ազգային անվտանգությանը և իր նկատմամբ «բեսպրեդելը» դարձնում թույլատրելի» հրապարակմամբ:

Եթե փորձենք գտնել վերոնշյալ հարցի պատասխանը, ապա պետք է ուշադրության առնենք այն բոլոր վարկածները, որոնք, կարծում եմ, գոյության իրավունք ունեն:

Վարկած առաջին. ինչ էլ որ ասաց Փաշինյանը մայիսի 20-ի իր ելույթում, որքան էլ փորձեց «կռուտիտներ» անել, անժխտելի փաստ է, որ նա դատարանների մուտքերի շրջափակման քայլին գնաց անմիջապես այն բանից հետո, երբ դատավորը կամ դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոխեց Արցախի ներկա ու նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ: Այսինքն՝ վստահություն վայելող անձանց գրավոր պարտավորությամբ այն մասին, որ նրանք իրենց խոսքով և մուծվող դրամական գումարով երաշխավորում են կասկածյալի կամ մեղադրյալի պատշաճ վարքագիծը, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով նրա ներկայանալը և այլ դատավարական պարտականություններ կատարելը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդված):

Միանշանակ է, որ դատարանն իր վերոնշյալ քայլով եթե ՀՀ օրենսդրության որևէ պահանջի խախտում է թույլ տվել, ապա միայն այն առումով, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը ոչ թե պետք է փոխարիներ անձնական երաշխավորությամբ, այլ ընդհանրապես վերացներ, խափանման որևէ միջոց չկիրառեր, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի իմպերատիվ (պարտադիր կատարման ենթակա) պահանջի համաձայն, «Մեղադրյալը քրեական վարույթն իրականացնող համապատասխան մարմնի որոշման հիման վրա կալանքից ենթակա է ազատման», եթե «քրեական վարույթն իրականացնող մարմինը պարզել է անձին կալանքի տակ պահելու անհրաժեշտության բացակայությունը»:

Ընդգծենք, որ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը նրա գործով դատավարության նախորդած ընթացքում չի հիմնավորվել, սակայն փաստ է նաև, որ դատարանի հիշյալ որոշումից հետո Նիկոլի վկաների կողմից դատավորի նկատմամբ սկսվեց վիրավորանքների, հայհոյանքների տարափ ու բացահայտ ճնշում դատարանի նկատմամբ: Եվ սա՝ չնայած նրան, որ բոլորն էլ հասկանում էին ու հասկանում են, որ խափանման միջոցի փոփոխությունը բնավ չի նշանակում մեղադրյալին ազատ արձակել, ու եթե վերջինս հանցանք է գործել ու դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով Քոչարյանի մեղքն ապացուցվի, նա դարձյալ հայտնվելու է անազատության մեջ, քրեակատարողական հիմնարկում:

Վերոնշյալի համատեքստում միանգամայն հնարավոր է, որ Փաշինյանի հակասահմանադրական քայլը միտում ունի Քոչարյանի հանդեպ իր քաղաքական վրիժառության շրջանակում ճնշում գործադրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի ու նշված դատարանի վրա, ահաբեկել դատավորին, ինչպես նաև վերաքննիչ ու վճռաբեկ դատարանների դատավորներին, որոնցից ցանկացածի մոտ առաջիկայում կարող է հայտնվել Քոչարյանի գործը: Սակայն որպեսզի դատարանների մուտքերը շրջափակելու իր նախաձեռնության բուն նպատակն այնքան էլ ակնհայտ չլինի, ինչ-որ կերպ քողարկվի, կոչ արեց շրջափակել ոչ թե Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրի կամ, ընդհանրապես, նշված դատարանի բոլոր նստավայրերի, Վերաքննիչ ու Վճռաբեկ դատարանների մուտքերը, այլ ընդհանրապես, ՀՀ բոլոր դատարանների մուտքերը՝ իբրև թե դատական համակարգում կոռուպցիայի դեմ պայքարելու, ժողովրդի վստահությունը վայելող դատական համակարգի ձևավորման հասնելու նպատակներով, որոնց մասին հայտարարեց հաջորդ օրը:

Իրականությանն այս վարկածի համապատասխանելու պարագայում լիովին կարելի է հասկանալի է նաև ճնշման, ահաբեկման, շանտաժի միջոցով դատավորներին հասցեագրված «մեսիջի» իմաստը՝ եթե Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու անմեղ, միանգամայն օրինական որոշման համար գնացի հանրապետության բոլոր դատարանների մուտքերը շրջափակելու և դատավորների հրաժարականը պահանջելու քայլին, ապա պատկերացրեք, թե ինչ կամ ինչեր կանեմ եթե հիշյալ դատարանը հանկարծ, անկախ ամեն ինչից, Քոչարյանի նկատմամբ մեղադրական դատավճիռ չկայացնի:

Մեր վաղվա հրապարակմամբ կանդրադառնանք նաև գոյություն ունեցող մյուս վարկածներին:

 

Արթուր Հովհաննիսյան