ՀՀ փոխվարչապետ Ավինյանը և Ուկրաինայի նախագահ Զելենսկին քննարկել են միջկառավարական հանձնաժողովի գործունեության վերսկսման հարցեր

Աշխատանքային այցով Ուկրաինայում գտնվող ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ընդունել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Ինչպես  տեղեկացրել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, շնորհավորելով նորընտիր նախագահին՝ Տիգրան Ավինյանը Զելենսկուն է փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ բարեմաղթանքները:

Զրույցի ընթացքում Ուկրաինայի նախագահը և ՀՀ փոխվարչապետը անդրադարձ են կատարել հայ-ուկրաինական երկկողմ օրակարգի մի շարք հարցերի՝ միաժամանակ կարևորելով երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացումը: Երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերի համատեքստում կողմերը քննարկել են հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի գործունեության վերսկսման հետ կապված հարցեր:

Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում երկու երկրներում հանրային կառավարման ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ: