Կոռուպցիոն հանցագործությունների ազդարարման էլեկտրոնային հարթակի միջոցով հնարավոր է անանուն եղանակով հանցագործության մասին հաղորդում ներկայացնել

Երևանում այսօր ներկայացվել է Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը՝ www.azdararir.am-ը: Այս մասին տեղեկություն է հրապարակվել ՀՀ արդարադատության նախարարության կայքում։ Հրապարակման համաձայն՝ միջոցառմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ՀՀ փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյանը,  Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն, Գլխավոր դատախազության ավագ դատախազ Արմեն Նիկողոսյանը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը, ինչպես նաև պետական մարմինների և քաղհասարակության ներկայացուցիչներ:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշել է, որ Կառավարությունը քաջ գիտակցում է կոռուպցիայի վտանգավորությունը և անդառնալի ազդեցությունը օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության, տնտեսության զարգացման վրա՝ հավելելով, որ բոլորը գործնականում ականատես են եղել կոռուպցիայի բացասական ազդեցության հետևանքներին:

«Կոռուպցիայի դեմ պայքարը համակարգված ճանապարհով տանելու նպատակով կարևորվում է ռազմավարական և ինստիտուցիոնալ քայլերի զուգակցումը: Այդ համատեքստում շատ եմ կարևորում ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի գործարկումը»,- նշել է Արտակ Զեյնալյանը՝ հավելելով, որ հարթակի միջոցով անձը հնարավորություն ունի անանուն եղանակով ներկայացնել հանցագործության մասին հաղորդում, ինչը հնարավորություն կտա կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը որակական նոր փուլ տեղափոխել:

Նախարարը վստահեցրել է, որ Կառավարությունը՝ ի դեմս Արդարադատության նախարարության, երաշխավորելու է անձի անանունությունը նրա համացանցային հաղորդակարգի հասցեն (IP) ծածկագրելու միջոցով, իսկ հաղորդման բովանդակության գնահատման և ստուգման երաշխավորը Գլխավոր դատախազությունն է լինելու:

Ավարտելով խոսքը՝ արդարադատության նախարարն ակնկալել է բոլորի ակտիվ մասնակցությունը՝ կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականություն դրսևորելու առումով:

Միջոցառման ընթացքում ներկայացվել է էլեկտրոնային հարթակից օգտվելու հնարավորությունները, այնուհետև ցուցադրվել են ազդարարման համակարգի և ազդարարի պաշտպանության երաշխիքների վերաբերյալ իրազեկման հոլովակները: