Մեծանուն շանսոնյեի տարեդարձի միջոցառումներ՝ Փարիզում (տեսանյութ)

Մայիսի 22-ին լրանում է Շառլ Ազնավուրի 95-ամյակը։ Մեծանուն հայի ծննդյան տարեդարձի կապակցությամբ ամբողջ տարվա ընթացքում աշխարհի տարբեր անկյուններում նրա արվեստը նշանավորող միջոցառումներ են կազմակերպվում ՝ համերգներ, ցուցահանդեսներ, հուշարձանների բացում, հանրային վայրերի, հաստատությունների անվանակոչություններ։

Ինչպես տեղեկացրել է «Ազնավուր» հիմնադրամը, մեծ արտիստի 95-ամյակի առթիվ Փարիզի քաղաքապետարանը, համագործակցելով հիմնադրամի հետ, այսօր՝ մայիսի 21-ին Ֆրանսիայի մայրաքաղաքում կազմակերպում է տարբեր միջոցառումները։

Ազնավուր ընտանիքի փարիզյան առաջին բնակարանի հասցեում կբացվի հուշատախտակ՝ Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոյի և Ազնավուր ընտանիքի անդամների ներկայությամբ։

Հուշատախտակը կտեղադրվի Փարիզի 6-րդ շրջանի Մսյո լը Պրենս 36 հասցեում, որտեղ Փարիզ ժամանելուց հետո բնակություն է հաստատել Ազնավուրյանների ընտանիքը, և որտեղ անցել է Շառլ Ազնավուրի մանկությունը։

Փարիզի քաղաքապետարանին հարող հրապարակում ժամը 17:00-ից կսկսվի համերգ՝ նվիրված Ազնավուրի տարեդարձին։

Համերգին ելույթ կունենան Փարիզի քաղաքային երգչախումբը, Անդրե Մանուկյանը, Ժոանա Մենդիլը, Եսայի Ալթունյանը, Ազնավուրին նվագակցած դաշնակահար Էրիկ Բերշոն և այլ երաժիշտներ։