Ռոբերտ Քոչարյանի համար անհասկանալի է, թե ո՞ւր են կորել մարտիմեկյան դեպքերի ժամանակ զենքի կիրառության մասին հավաստող տեսակադրերը

Այսօր Երևանի Ավան և Նոր Նորք ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատական նիստի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի՝ իրեն ցույց տված տեսանյութին, որտեղ երևում է` ինչպես են ոստիկանների ուղղությամբ նռնակ նետում, ասաց, որ հիմնվելով այդ տեսանյութի վրա՝  կարելի վստահորեն ասել, որ 2008 թվականի մարտի դեպքերի ժամանակ ոստիկանների նկատմամբ զենք է կիրառվել, նռնակներ են նետվել։

«Մենք ուզում ենք հիմա մեր ձեռքի տակ եղած այդ տեսանյութը ցուցադրել, քանի որ քննչական մարմինը սկզբից կատեգորիկ մերժում էր, որ այդպիսի նյութեր ունի։ Այդ տեսանյութն ինձ անձամբ Գորիկ Հակոբյանն է ցույց տվել»,–ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Ռ․Քոչարյանն ասաց` երբ մամուլում սկսել են քննադատել, թե նման բան չի եղել, Գորիկ Հակոբյանը տեսանյութը ցույց է տվել իրեն։ Նրա հավաստմամբ` տեսանյութում կան մի շարք դրվագներ, որոնք որևէ տեղ չեն ամրագրվել։ «Ես չգիտեմ` որտեղ են այդ կադրերը։ Նյութերում կար` ինչպես է նռնակից ոստիկանության կապիտանը զոհվում, իսկ հիմա չկա այդ ամենը»,–ասաց Քոչարյանը։

Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը դատական նիստի ժամանակ միջնորդեց թույլատրել դատարանին ներկայացնել 15 րոպե տևողությամբ այդ տեսանյութը, որի մի մասը քրեական գործում առկա է, իսկ մյուս մասը, որտեղ երևում են զենքի կիրառումն ու նռնակները՝ ոչ։ Դատարանը, սակայն, մերժեց․ դատավոր Դավիթ Գրիգորյանն ասաց, որ այդ տեսանյութը դատական գործընթացի այս փուլում չի ուսումնասիրվի։