ԱԺ բյուջեում 892 մլն 628 900 դրամի պակասուրդ է առաջացել

Այսօր կառավարության նիստում առանց քննարկման ընդունված որոշման նախագծում նշված է, որ Ազգային ժողովին բյուջեով հատկացված գումարը չի բավարարում։ Տարվա դեռ կեսն առջևում է, բայց խորհրդարանում արդեն 892 մլն 628 900 դրամի պակասուրդ է առաջացել։

Պարզվում է պակասուրդի պատճառը Ազգային ժողովի պատգամավորների և երկու մշտական հանձնաժողովների թվաքանակի ավելացումն է․վեցերորդ գումարման ԱԺ–ի կազմի համեմատ յոթերորդ գումարման խորհրդարանում 59 նոր հաստիք է ավելացել։

Պահանջվող 892 մլն դրամից ծախսեր են նախատեսվել աշխատավարձերի, պարգևատրումների, գործուղումների համար, միայն 183 մլն է հատկացվել ՀՀ Ազգային ժողովի նախագահի Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Բելգիա, Նիդեռլանդներ, Ֆրանսիա, Իտալիա, Մեծ Բրիտանիա, Իրան, Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցերի ֆինանսավորմանը, 30 մլն` պատգամավորների բնակարանների վարձը փոխհատուցելու համար։

Կառավարությունը որոշեց բավարարել խորհրդարանի ֆինանսական պահանջը` պահուստային ֆոնդից լրացուցիչ 892 628 900 դրամ հատկացնելով։