Ավագանու որոշմամբ Արենի համայնքը ճանաչվել է էկոտնտեսական տարածք

Ուղիղ ժողովրդավարության գործընթացը շարունակում է թափ հավաքել Հայաստանում։ 2019թ․ մայիսի 6-ին Արենի խոշորացված համայնքի ավագանին ընդունել է «Արենի համայնքը էկոտնտեսական տարածք ճանաչելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու մասին» որոշում։ Այս մասին հայտնել է Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը: Որոշումն ընդունվել է 9 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։ Որոշման մեջ նշված է հետևյալը․

«Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով և հաշվի առնելով Արենի համայնքի բնակիչների կողմից կազմակերպված ստորագրահավաքը՝ 2868 ստորագրություն, Արենի համայնքի ավագանին որոշում է՝

  1. Արենի համայնքը ճանաչել էկոտնտեսական տարածք,
  2. Այսուհետ արգելել Արենի համայնքի վարչական տարածքում մետաղական հանքարդյունաբերության հետ կապված հետախուզական, առավելևս հանքավայրերի շահագործման աշխատանքները»:

Արենի խոշորացված համայնքի մեջ են մտնում Արենի, Ագարակաձոր, Աղավնաձոր, Արփի, Գնիշիկ, Ելփին, Խաչիկ, Չիվա և Ռինդ գյուղերը, որոնց բնակիչները մայիսի 3-ին կոլեկտիվ հանրագիր էին ներկայացրել համայնքի ղեկավարին և ավագանուն։ Հանրագիրն ամրագրված էր շուրջ 2900 քաղաքացիների ստորագրություններով, որով նրանք խնդրում և պահանջում էին․

«1․ Ընդունել որոշում, որով կարգելվի և ապագայում կբացառվի Արենի համայնքի վարչական տարածքում իրականացնել մետաղական հանքարդյունաբերության հետ կապված հետախուզական, առավելևս հանքավայրերի շահագործման հետ կապված աշխատանքներ:

2․ Համայնքների անդամներին ներգրավելով՝ մշակել Արենի համայնքի ու Վայոց Ձորի մարզի էկոլոգիապես կենսակայուն և կանաչ տնտեսության զարգացման համալիր ծրագիր, որի իրականացման համար մենք պատրաստ ենք աջակցել ՀՀ պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններին»: